Չեզոքացվում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում
SocietyՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվեց մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, նշեց, որ այն ունի հակակոռուպցիոն և այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղվածություն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խնդիրը հետևյալում է. շատ հաճախ մեր քաղաքացիները, որոնք դիմում են ռեգիստրի գործակալություն այս կամ այն գործարքը կատարելու համար, օրինակ, կանոնադրության փոփոխություն, իրավաբանական անձի վերակազմակերպում, ունենում են մի շարք խնդիրներ, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են տիրապետում այդ իրավաբանական նրբություններին, փաստաթղթերի պատրաստման հմտությունններին և այլն:
Արդյունքում վտանգ կա, որ կարող են առաջարկել ռեգիստրի աշխատակիցներին որոշակի գումարի դիմաց այդ տեղեկանքները պատրաստել և, ըստ էության, զարտուղի ճանապարհներով հասնել իրենց ուզ ած խնդրի լուծմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրա համար առաջարկվում է, որ իրավաբանական ծառայությունը մատուցվի պետության կողմից, որը կլինի մատչելի և տեղ չի թողնի որևէ կոռուպցիոն դրսևորումների համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այս պահն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը տվել են իրենց դրական արդյունքը, հանրության արձագանքն էլ՝ դրական է: