Այսօր վախից Ծառուկյանին ասում են՝ բան խոսք չտաս. Գագիկ Ծառուկյան
SocietyԱյսօր քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչների հետ։ Խոսելով դաշինքի առաջարկած ծրագրային 15 կետերի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ այդ 15 կետերն անձամբ ինքն է գրել՝ խորհրդակցելով համապատասխան ոլորտների մասնագետների հետ։
«Նայեք՝ աշխարհում բանկերի ավանդները 3-5% էին, ճգնաժամի շրջանում՝ 0.6-.08, իսկ Հայաստանում 12 % է»,- ասաց Ծառուկյանը:
Նա ընդգծեց՝ բյուջեի գումարները հարկավոր է նպատակային ծախել, բանկային ոլորտը կարգավորվել, իսկ ավանդների տոկոսները նվազեցնել։ Նրա խոսքով՝ այսօր մարդիկ երկարաժամկետ պլաններ չեն կազմում, որովհետև զբաղված են օրվա հացի փնտրտուքով։

«Պետք է ուշադիր, հետևողական նայեք մարդու արած գործին։ Դուք պետք է նայեք՝ մարդը պատգամավոր դառնալով բան կփոխի՞, նա պետք է կարողանա համակարգ փոխի։ Ես դա կկարողանամ, երբ դուք ինձ տաք 50+1 % ձայն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ հայաստանյան բոլոր խնդիրներին ինքը լավ է տիրապետում։
«Այսօր վախից Ծառուկյանին ասում են՝ բան խոսք չտաս, դրա համար ասում եմ՝ գնացեք թեկնածուների մոտ, ժողովուրդ ջան, տեսեք՝ վախից ինչ են անում. ասում են, թե դատի կտան ինձ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԿԸՀ հայտարարություններին, թե խոսք տալն արդեն իսկ նախընտրական կաշառք է։

Նշենք, որ Արթիկում ոչ թե Ծառուկյանը նվերներ մատուցեց, այլ ընդունեց. նրան բանաստեղծություն ձոնեցին, պարային գեղեցիկ համարով հանդես եկան։
Սոսե Չանդոյան