Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
Society Գեղարքունիքի մարզում մարտի 16-ի ցերեկվա եւ երեկոյան ժամերին տեղացած առատ ձյան հետեւանքով ձյան կամ մերկասառույցի շերտով են պատվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները:
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը Սեւանում , Ճամբարակում եւ Վարդենիսում կազմել է մոտ 15, Գավառում՝ 20-25, Մարտունիում՝ 30-35 սանտիմետր: Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացել են ինչպես մարտի 16-ի երեկոյան, այնպես էլ լույս 17-ի ընթացքում: Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կազմել է մոտ 40 սանտիմետր, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհին:
Մարզի մնացած ճանապարհներին անցանելիությունը պահպանվում է: «Մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան՝ բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի: Բոլոր ուղղություններում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը:
Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի հավաստմամբ՝ ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ են ընթանում նաեւ Վարդենյաց լեռնանցքում:
Խոսրով Խլղաթյան