«Ես ներկայացրել եմ ծրագիր, որը վերաբերում է ցանկացած բնակչի ու կարող է իրավիճակ ու կյանք փոխել». Գագիկ Ծառուկյան
SocietyՆախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ Հրազդան քաղաքում: Հանդիպման ժամանակ նա հայտարարեց. «Ես ներկայացրել եմ ծրագիր, որը վերաբերում է ցանկացած մարդու ու բնակչի ու կարող է իրավիճակ ու կյանք փոխել»:
Նրա խոսքով` ծրագրում ամեն հարց ներկայացված է` տնտեսությանը, մշակույթին, սոցիալական հարցերին վերաբերող ու առանց դրա անհնար է ինչ-որ բան փոխել երկրում: «Այսօր ես բոլորի հետ շփվելով, իմանալով դարդ ու ցավը, խնդիրը գիտեմ, գիտեմ ինչ է պետք անել` պայման և հնարավորություն, աշխատանք և մրցակցություն, բանկի տոկոսների նվազեցում, թոշակների բարձրացում: Ես դա գրել եմ ու անելու եմ: Ինչքան էլ ուզում են ասեն, թե տանում են երկիրը դեպի տնտեսական զարգացում, անհնար է դա առանց այդ բոլոր պայմանների, որ մենք առաջարկում ենք»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի 15 կետերն ուղղակի գրված բառեր չեն, այլ ուսումնասիրության հիման վրա ամրագրված դրույթներ: Դրանք կարող են տնտեսություն աշխատեցնել, տնտեսական աճ ապահովել. «Մենք պատրաստ ենք իրավիճակ փոխել, համակարգ փոխել: Ես ասել եմ, որ պարտք ունեմ իմ ժողովրդին տալու և պատրաստ եմ դրան: Չկա խնդիր, որ լուծում չունի, անհնարին ոչինչ չկա: Միայն մոտեցումն է պետք փոխել, պետք է ժողովրդին սիրես, բյուջեի ծախսը պետք է նպատակային լինի, որ ժողովուրդը դա զգա ու վաղվա հույս ունենա: Պետք է պայման լինի, այդ դեպքում երկրից հեռացածների մեծ մասը կվերադառնա Հայաստան»:
Դաշինքի առաջնորդն այնուհետ հորդորեց ճիշտ ընտրություն կատարել ապրիլի 2-ին. «Որոշողը դուք եք: Ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ էլ ուրիշ, բայց խնդիր ունեմ ձեզ օգնելու, իրավիճակ փոխելու: Իսկ 50+1-ի դեպքում առաջին իսկ ամսում մեր 15 կետերը կյանքի կկոչենք»:
Նշենք, որ Հրազդանում առավոտվանից առատ ձյուն է տեղում, սակայն կենտրոնական հրապարակը չափից դուրս մարդաշատ էր:
Սոսե Չանդոյան