Աբովյանում էին նաև «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները
SocietyՔիչ առաջ Աբովյանում ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը: Դաշինքի առաջնորդն իր ելույթի ժամանակ անդրադարձավ ներդրումների անհրաժեշտությանը, որոնք կարող են երկրում իրական փոփոխությունների սկիզբ հանդիսանալ: Խոսելով բանկային համակարգից՝ նա նշեց, որ այն պետք է հիմնովին փոխվի, որպեսզի մարդիկ մի քիչ թեթևանան ու բացի օրվա հոգսերը հոգալուց, նաև ապագայի հետ կապված ծրագրեր կազմեն:

«Մենք խոստանում ենք պայման ու հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան ապրել իրենց հայրենիքում, ոչ թե հուսահատ հեռանան ու հեռվից ընտանիքը պահեն: Սա նշանակում է, որ մեղավորը մենք ենք, օրենքներ պետք է փոխվեն. այս ամենին մենք տիրապետում ենք, հնարավորություն տվեք և հենց առաջին որոշումը կլինի կյանքի կոչել մեր 15 կետերը»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նաև հավաստիացրեց, որ եթե երկրում պայմաններ ստեղծվեն, ապա հեռացած մարդիկ կվերադառնան: Ի դեպ, Աբովյանում էին նաև «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները, որոնք ժամանել էին տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը և հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի հնարավոր չէ փոփոխություն անել Հայաստանում:
Վաղը միջազգային գործընկերների խումբն այցելելու է հայ-թուրքական սահման, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ աջակցել դրա բացմանը, իսկ հաջորդ այցելության ժամանակ նրանք մտադիր են լինել նաև Արցախում:
«Այստեղ են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորներ, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից մեր գործընկերները: Նրանք եկել են ասելու, որ մենք ուժեղ ենք և մենք հաղթելու ենք ու հաղթելուց հետո էլ նրանք աջակցելու են մեզ կառուցել բարգավաճ Հայաստան»,- հայտարարվեց առաջնորդը հանրահավաքի ժամանակ:
