Տուբերկուլոզի հետևանքով մահացության դեպքերը նվազել են 3 անգամ
SocietyՏուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը Հայաստանում 2016-ին 2007-ի համեմատ նվազել է 2 անգամ, մահացության ցուցանիշը` 3 անգամ: Հիվանդացության և մահացության ցուցանիշների դինամիկ նվազումը 2007 թվականից սկսած կազմում է տարեկան 5-7 տոկոս:
Արմենպրեսի հաղորդմամբ` այդ մասին տուբերկուլոզի համաշխարհային օրվան ընդառաջ լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասաց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրեն ԱրմենՀայրապետյանը:
«Հայաստանում 2016-ին տուբերկուլոզով հիվանդացության 820 նոր դեպք է արձանագրվել` 2007-ի 1500 դեպքի համեմատ: 820 դեպքից 102-ն եղել են Հայաստանից դուրս հիվանդացածները: 28 տոկոսն եղել են վարակիչ դեպքեր: Տուբերկուլոզի հետևանքով գրանցվել է մահվան 48 դեպք, ինչը 2007-ի համեմատ նվազել է 3 անգամ: Վերջին երեք տարում պահպանվել է մահացության նույն դինամիկան` տարեկան 46-49 դեպք: Գրանցվել է նաև դեղակայուն և հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզով հիվանդացության մակարդակի նվազում: Քրեակատարողական հիմնարկներում ևս տարեցտարի դեպքերի թիվը նվազում է` 2016-ին եղել է&nb sp; 10 դեպք, որոնցից 7 եղել են տուբերկուլոզի առաջնակի նոր հայտնաբերված դեպքեր, 3-ը գտնվել են բուժման փուլում: Վերջին երեք տարում նկատվել է նաև տուբերկուլոզ-ՄԻԱՎ համակցված վարակների նվազում ` 2016-ին գրանցվել է մահվան 68 դեպք»,- ասաց Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով`տուբերկուլոզի հետևանքով մահերի հիմնական պատճառը հանդիսանում են ՄԻԱՎ վարակակիր տուբերկուլոզով հիվանդները: Համակցված վարակների դեպքում մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքից վերադարձողները: Հիվանդությունը 2-3 անգամ ավելի շատ է տղամարդկանց շրջանում: Այն արձանագրվում է հիմնականում աշխատունակ տարիքի անձանց մոտ`18-60 տարեկանների շրջանում:
Հիվանդության տարածվածությունը 1,5-2 անգամ ավելի շատ է քաղաքային բնակչության շրջանում: Ամենացածր ցուցանիշն ունի Վայոց ձորի մարզը: «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կարծիքով` դրա պատճառը, գուցե, կապված է հայտնաբերման հետ: Այս իսկ պատճառով կենտրոնն իր առջև Վայոց ձորում հիվանդության ակտիվ հայտնաբերման խնդիր է դրել:
«Տուբերկուլոզի թոքային ձևերը 2016-ին կազմել են շուրջ 78 տոկոս, իսկ արտաթոքայինները` 22 տոկոս: Արտաթոքայինների մեջ են եղել հիմնականում ողնաշարի, հենաշարժական ապարատի, միզասեռական համակարգի տուբերկուլոզները: Հայաստանում ներկայումս տեսակներից ամենատարածվածը թոքային դեղազգայուն տուբերկուլոզն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի բուժման համար ներկայումս ունի 85 տոկոս թիրախ, բուժման բարեհաջող ելքերը կազմել են 83,2 տոկոս»,- եզրափակեց Արմեն Հայրապետյանը: