Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն այցելում են Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներ
Society ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական հանձնաժողովներում դիտորդական առաքելություն են իրականացնում միջազգային դիտորդական խմբերը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը, մարտի 20-ին թիվ 19 ՏԸՀ են այցելել ԵԱՀԿ /ՄԺՀԻԳ/ դիտորդները, ովքեր իրենց իրավասությունների շրջանակում իրականացրել են դիտորդական հերթական առաքելությունը: «Հիմա՝ քարոզչության մեկնարկից ի վեր, մշտադիտարկման շրջան է, գալիս են ամենատարբեր կազմակերպություններից՝ միջազգային կամ տեղական: Դիտարկման արդյունքները կամ տպավորությունները մեզ հետ չեն քննարկում, սակայն պարզ է, որ նրանց այցի հ իմնական նպատակը հանձնաժողովի իրականացրած գործառույթների դիտարկումն է: Նման այցերը եւ դիտարկումները եղել են հաճախակի եւ կարող են շարունակվել մինչեւ ընտրությունների ավարտը: Անկախ այդ այցերից եւ դիտարկումներից՝ մենք մեր գործառույթներն իրականացնում ենք ՀՀ ընտրական օրենսգրքի տառին եւ ոգուն համապատասխան»,- պատմեց ՏԸՀ նախագահը:
Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 ՏԸՀ նախագահների հավաստմամբ՝ միջազգային դիտորդական խմբերը դիտարկում են անցկացրել նաեւ իրենց ղեկավարած հանձնաժողովներում:
Խոսրով Խլղաթյան