Յուրի Բաղդասարյանի «ԽՍՀՄ-ի կործանումը» գիրքը հանձնվել է ընթերցողների դատին
CultureԼույս է տեսել մանկավարժ, մեթոդիստ, «Բաքուն և հայերը» գրքի հեղինակ ՅուրիԲաղդասարյանի նոր՝ «ԽՍՀՄ-ի կործանումը» գործը: Գրքի մասին հեղինակը խոսեց մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Եթե ստրկատիրական հասարակությունում ստրուկներին վաճառում էին, ապա Խորհրդային Միությունում շատ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին կարող էին զրկել ամեն բանից և անպատիժ մնալ: Նմանատիպ գործընթացները հովանավորում էր Կրեմլը: Վաղուց էի ցանկանում գրել ԽՍՀՄ-ի պատմության և կործանման մասին, և երկար աշխատանքից հետո ստեղծվեց այս գիրքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Յուրի Բաղդասարյանը:
Հեղինակը 19 կետ է նշում, որոնք ԽՍՀՄ-ի փլուզման պատճառ են դարձել: «Այն կործանվեց Արևմուտքի ջանքերով, Խորհրդային Միության ղեկավարների անշրջահայացության, տնտեսական ու արտաքին քաղաքական ճգնաժամի, ազգամիջյան կոնֆլիկտների և այլ խնդիրների պատճառով»,-ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով`ընթերցողներին նյութը լիարժեք ու ամբողջական մատուցելու համար ինքը իրադարձությունները ներկայացրել է Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից:
Հեղինակն ընդգծեց, որ գիրքը գրելիս օգտվել է տարբեր աղբյուրներից` արխիվներից, հանրագիտարաններից, վավերագրական նյութերից:
«Իմ աշխատություններով ձգտում եմ անցյալը միացնել ներկայի և ապագայի հետ, ազգովի հանդուրժողականություն սերմանել ու բարի գործերով շարժվել առաջ, քանի որ երկրի վրա չարիքը շատ է, և աշխարհին բարոյական մաքրություն ու անկեղծություն է անհրաժեշտ»,- շեշտեց հեղինակը:
Գիրքը կարելի է գտնել Երևանի գրախանութներում և գրադարաններում: