Ինչքան թույլ՝ այնքան պոպուլիստ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր. «Ամենաշատը ստում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո»։ Առավել լավ ձևակերպում թերևս ներկայում դժվար է մտածել։ Այս տեսանկյունից, բնականաբար, հայաստանյան ընտրությունները չեն կարող բացառություն լինել։ Սակայն մեզ մոտ հետաքրքիրն այն է, որ ինչքան թույլ է քաղաքական ուժը, այնքան շատ է նա ստում։ Ընդ որում, ստել ասելով նկատի չպետք է ունենալ բուն սուտ խոսելու փաստը, այլ այն աուրան, որը ձևավորվում է քաղաքական ուժի գործունեության շուրջ։
Այս տեսանկյունից առաջիկա ընտրություններին մասնակցում են մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն չեն եղել նախորդ խորհրդարանում, այլև ընդհանրապես գոյություն չեն ունեցել։ Սակայն իրենց անցած կարճ քաղաքական ուղին բոլորովին էլ չի խանգարում, որ քաղաքական ուժը կամ խմբավորումը հանդես գա ամպագոռգոռ քարոզչությամբ, բնականաբար, խոստանալով նախ և առաջ իշխանափոխություն։
Իշխանափոխություն բառը, թերևս, վերջին տարիներին ամենաշահարկվածներից ու չարչրկվածներից է։ Բնականաբար, այն ամենաշատն օգտագործել են ուժեր ու գործիչներ, որոնք անգամ հեռվից չէին կարող տեսնել այդ իշխանափոխությունը։ Սակայն, բնականաբար, դա երբեք էլ խանգարող հանգամանք չի եղել։ Խանգարող հանգամանք չէ նաև հիմա, երբ նախընտրական քարոզչության թեժացմանը զուգահեռ «խրոխտանում են» շեշտադրումները, խոստումներն ու հավակնությունները։ Բնականաբար, այս ամենին զուրգահեռ կամա թե ակամա աճում են քաղաքական մեծամտությունն ու բոլորից լավը լինելու մտայնությունը։
Սակայն այստեղ պետք է նշել, որ հայաստանի քաղաքացին թերևս հրաշալի ճանաչում է իր բոլոր գործիչներին, դիմադիրներին ու ընդդիմադիրներին, քաղաքական շառլատաններին, պատեհապաշտներին և այլն։ Անշուշտ կան ընտրակաշառք վերցնող ու տվող քաղաքացիներ, կան քաղաքականապես թերհաս ու քաղաքացիական գիտակցությունից զուրկ քաղաքացիներ, սակայն այս ամենով հանդերձ, պետք է շեշտել, որ ընդհանրական քաղաքացիների հանրույթը՝ հասարակությունը, մշտապես խելացի է և կողմնորոշվող։ Ու թերևս հենց այստեղից է, որ մեր քաղաքական ուժերը նախկինում և ներկայում սկսել են իրենց սխալը, ապա և մեղքը հիմնականում բարդել հենց քաղաքացու կաշառվելու, քաղաքացու վախենալու կամ կոնֆորմիզմի վրա։
Թերևս նույնն է տեղի ունենում նաև այսօր, մենք տեսնում ենք իշխանափոխությունից խոսող ուժերի, հեքիաթային խոստումներ տվողների, սակայն տեսնում ենք նաև նրանց իրական հնարավորությունները, տեսնում ենք նրանց հետևորդների, մեղմ ասած, նոսր շարքերն ու արդեն, ինչպես և սպասելի էր, լսում ենք մեղադրանքներ այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիների հասցեին։ Այս մեղադրանքները, բնականաբար, ուժգնանալու են և իրենց գագաթնակետին են հասնելու ապրիլի 3–ին, երբ հերթական պարտությունը գրանցած մեր ընդդիմադիրները, իշխանություն փոխողները կրկին ինքնաարդարացման հազար ու միջոց կընտրեն։ Սակայն ամեն դեպքում հավաքական հասարակությունը ամեն ինչ տեսնում է։ Ի դեպ, պետք է շեշտել նաև, որ հենց ներկայում էլ ուժեղ և կայուն որոշ քաղաքական ուժեր բոլորովին չեմ մտնում վերը նկարագրված իրավիճակի մեջ, քանի որ պարզապես դրա կարիքը չկա ու մեծ հաշվով որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայում հիմնական մրցակիցներն են «Ծառուկյան» դաշինքն ու Հանրապետականը, իսկ մնացածներն ընդամենը պայքարում են մի քանի մանդատի համար, չնայած որ հենց վերջիններս են ամենաշատը հանդես գալիս իշխանափոխության ու նմանատիպ խոստումներով։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: