Նայում եմ ծրագրերին` թվում է, թե Շվեյցարիայում ենք. Գագիկ Ծառուկյան
SocietyԱյսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Ինչպես նշեց Գ. Ծառուկյանը, դաշինքի ծրագրի թիրախում քաղաքացին է, որն այսօր կոտրված ու հիասթափված է, բայց դեռ հավատում է, որ խնդիրները կարող են լուծվել: Իսկ իր կողմից անձամբ ամրագրված 15 կետերը, հավաստիացրեց նա, անկասկած այդ փոփոխությունը կապահովեն:

«2012 թվականին մենք պաշտոններ չվերցրեցինք, մեր թիմակիցներին չտեղավորեցինք ու կոալիցիա չմտանք, քանի որ այդ դեպքում չէինք կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որ խոսք էինք տվել: Այսօր ծրագրերը կազմել ենք, անձամբ ես եմ գրել բոլոր խնդիրները, որ առաջին իսկ ամսում պատրաստ ենք իրականություն դարձնել»,- ասաց նա՝ հավելելով պայման ու հնարավորություն է պետք:
Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց` դաշինքի առաջնահերթ 15 կետերը վերաբերում են բոլոր ոլորտներին` կրթություն, գիտություն, տնտեսություն, ինչպես նաև թոշակների բարձրացում, վարկային տոկոսների նվազում: Առանց դրանց, ասաց նա, հնարավոր չէ որևէ բան փոխել:

«Մարդիկ օր օրի ավելի շատ խնդիրների առաջ են կանգնում, չեն կարողանում ապրել երկրում, վարկերի տակ ճգնում են: Մենք առաջարկում ենք ու դա պարտադիր պայման է, որ վարկային տոկոսները դառնան 2-5 տոկոս, այլապես ժողովուրդը չի կարողանալու իր ապրուստը հոգալ ու ունեցվածքը պահպանել: Իսկ եթե հաշվի առնենք, որ 1.5 մլն մարդ այսօր վարկառու է, ապա դա իրոք հրատապ խնդիր է: Մեր եվրոպացի գործընկերները, որ անցած շաբաթ ժամանել էին Հայաստան և իրենց աջակցությունը հայտնել «Ծառուկյան» դաշինքին, հայտարարեցին, որ առանց այդ ծրագրի կյանքի կոչման հնարավոր չէ երկիրը տանել փոփոխությունների: Իսկ որ համակարգ ու օրենք է պետք փոխել երկրում, որևէ կասկած չկա»,- ընդգծեց նա:
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է այդ փոփոխությունները բերել, իսկ ժողովուրդը քաջ գիտի, որ իր խոսքը գործ է` ի տարբերություն շատերի: «Նայում եմ ծրագրերին` թվում է, թե Շվեյցարիայում ենք` ինչե՜ր են խոստանում: Բայց պետք է նայեք ու հաշվի առնեք` իրենք կյանքում մի բան արած կա՞ն, անցած ճանապարհ, անելիքներ ունե՞ն , թե՞ ոչ: Դա պետք է նայեք ու հնարավորություն տաք նրանց, ովքեր իսկապես ուզում են համակարգ փոխել, ովքեր ունեն ներուժ իրավիճակ փոխելու. որոշողը դուք եք»,- ասաց նա:

«Մենք մշակել ենք ծրագիր, որն իրականացնելու համար հարկավոր է ձեր վստահությունն ու 50+1 ձայն: Այդ դեպքում առաջնային բյուջեի միջոցները կծախսվեն արդյունավետ, ներդրումները կլինեն ըստ մարզերի, քանի որ յուրաքանչյուր մարզի հնարավորությունները պետք է վերագործարկվեն, նոր շունչ տրվեն դրանց: Առանց ներդրումների ոչ մի զարգացում չի կարող լինել: Ամեն մարզում 50 մլն դոլարի ներդրումը կտրուկ փոփոխության ու բարգավաճման կբերի, աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ չհեռանան երկրից, հատկապես լավ մասնագետները, որ ընտանիք պահել չկարողանալով` այսօր ծառայում են օտար երկրների կայացմանը»,- հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Ի դեպ, կարևոր մի նախաձեռնության մասին Ծառուկյանը հայտարարեց հենց Մեղրիում` անհաժեշտ է «Գերշահույթի մասին» օրենք ընդունել, որով շահույթի մի մասը պարտադիր կուղղվի պետական բյուջե: «Եթե քայլ չկատարվի, եթե մեր 15 կետերը չիրագործվեն, ապա ոչ մի խնդիր լուծում չի ստանա ու ոչինչ չի փոխվի առաջիկա տարիներին էլ»,-հավելեց նա:
Նշենք, որ հաջորդ հանդիպումը Կապան քաղաքում է:
Սոսե Չանդոյան