Հայաստանը անտառների կորուստների նվազման առումով դրական ցուցանիշներ ունի
SocietyԱշխարհի անտառները միշտ էլ կորուստներ են ունենում: Հայաստանում 2010 թվականից անտառներում 722 հա կորուստ է նկատվել։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ Վրաստանում անտառածածկ տարածքի մոտ 4100 հա կորուստ է գրանցվել։
«Մեր երկրում ցուցանիշները շատ ավելի դրական են, քան հարևան պետություններում։ Ամբողջ աշխարհում 13 մլն հա անտառ է վերանում»,- նշեց Պետրոսյանը։
Շարունակելով Ռուբեն Պետրոսյանի խոսքը՝ Անտառների գծով փորձագետ Սիրան ույշ Գալստյանն ասաց, որ Հայաստանում տարեկան չհաշվառված վառելափայտի մի քանի հարյուր հազար խմ է օգտագործվում։
«Գնահատումը իրականացրել է «Անտառի պետական մոնիտորինգ»-ի կենտրոնը, և այդ թիվը զգալիորեն ավելի շատ է, քան օրինական թույլատրվում է հատել Հայաստանում։ Խնդրի լուծումը կարելի գտնել, եթե օրինականացվի այն քանակությունը, որը կայուն է»,- ընդգծեց Գալստյանը։
Այդ խնդրի լուծման համար նա առաջարկեց անտառներում անցկացնել գույքագրումներ, իմանալ ներկայիս վիճակը և որոշել ճիշտ տեղերը, թե որտեղից կարելի է վերցնել այդ փայտը։
Սիրանույշ Գալստյանի խոսքով՝ ներկա պահին վառելափայտը հատվում է որտեղից պատահի։ Նա մեկ այլ լուծում է համարում վառելափայտի օգտագործման արդյունավետության բարձրացումը։
WWF Armenia կազմակերպության ծրագրի համակարգող, անտառագետ Արթուր Ալավերդյանն ասաց, որ 7-8 տարվա ընթացքում իրականացրել են բազմաթիվ ծրագրեր անտառային համակարգի բարելավման ուղղությամբ։
«Ծրագրերից առաջինը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն էր անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով։ Այդ ամենն իրականացրեց 2008-2011 թվականներին, և մենք կարողացանք անտառապատել և անտառներ վերականգնել շուրջ 630 հա տարածքում և տնկեցինք մոտ 2. 200.000 ծառ»,- ասաց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ կա անտառների տրանսֆորմացիայի հիմնախնդիր։
2011-2015 թվականներին իրականացվել է ծրագիր, որի շրջանակում տրանսֆորմացիայի ենթարկվեցին անտառները, այսինքն՝ միատարր դարձվեցին բնույթով խառն անտառները, ինչը նպաստեց բնապահպանական արժեքի ավելացմանը։
WWF Armenia կազմակերպությունը 70 հա անտառների վերականգնման աշխատանքներ է իրականացրել նաև Թռչկանի ջրվեժի հարակից տարածքներում։
Ամփոփելով իրենց գործունեությունը՝ Արթուր Ալավերդյանն ասաց, որ իրենք, ընդհանուր առմամբ, անտառների վերականգնման և անտառապատման աշխատանքներ են իրականացրել 850 հա տարածքում՝ տնկելով շուրջ 2,5 մլն ծառ։