Պարզունակ և ցածրորակ հակաքարոզչություն
AnalysisՄինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը հասարակական-քաղաքական դաշտում հիմնականում շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են քաղաքական, գաղափարական ու ծրագրային։ Սակայն, ինչպես ցույց է տալիս նախընտրական քարոզարշավը, մի շարք գործիչներ այդպես էլ չեն կարողանում մտնել քաղաքական պայքարի մեջ կամ գուցե պարզապես ի զորու չեն, քանի որ չունեն համապատասխան կարողություններ և ունակություններ։
Նախընտրական քարոզարշավի մեկնարի առաջինիսկ օրերից ակնհայտորեն պարզ դարձավ, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ուքաղաքականդաշինքներիցմիայն «Ծառուկյան» դաշինքն է, որն ունի բոլոր հնարավորությունները իշխող Հանրապետականի հետ ռեալ մրցակցության մեջ մտնելու համար։ Բնականաբար, սա նաև նշանակում է, որ մյուս ուժերն ընդամենը մի քանի մանդատի պայքար են տանում ու այդ մի քանի մանդատնէլ կասկածի տակ են:Ու արդյունքում քաղաքական աննշան կշիռ ունեցող մի շարք ուժեր ու գործիչներ որդեգրեցին հակաքարոզչության պրիմիտիվ միջոցները։
Հենց այս տրամաբանության մեջ «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը հանկարծ որոշեց հայտարարել, թե չի հավատում Ծառուկյանին, ինչպես չի հավատում ղարաբաղցիների հայրենասիրությանը։ Թե ինչ էր անցել գործչի մտքով նման հայտարարություն անելու համար՝ դժվար է ասել։ Եթե մի պահ մտածենք, որ Սարգսյանն իր քաղաքական կենսագրությունից ելնելով է նման եզրահանգումների եկել, կրկին փակուղու առաջ կհայտնվենք, քանի որ մեծ հաշվով նա քաղաքական կենսագրություն էլ չունի և այստեղ հայտնվել է ընդամենը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո՝ լիովին պատահականորեն։ Թերևս հարկ չկա անգամ անդրադառնալ որպես վարչապետ նրա գործունեության ձախողումներին։
Մյուս կողմից՝ ցանկալի կլիներ ենթադրել, որ տարիների փորձը գուցե իրենց արդյունքը կտաին, և մենք վերջապես կտեսնեինք քաղաքականապես հասուն գործչի, որը նախընտրական շրջանում նման պարզունակ «տրյուկներով» չէր փորձի անհիմն գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հասցեին։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք Ծառուկյանի անձը, ով բացարձակ որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի և ում վարկանիշը նման հայտարարությունները չէ, որ կարող են գցել, Արամ Սարգսյանը՝որպես քաղաքական գործիչ, գուցե իր գնահատականները հնչեցներ Հանրապետակա՞ն կուսակցության հասցեին, որից պատրաստվում են իշխանություն վերցնել՝ համենայնդեպս իրենց հայտարարություններով։
Վերջապես պետք է շեշտել նաև, որ Արամ Սարգսյանի հայտարարության մյուս մասը, մեղմ ասած, կոռեկտ չէ, իսկ եթե նկատի ունենանք, որ այդ հայտարարությունն անում է քաղաքական գործիչը, ապա պետք է նշենք լիովին դատապարտելի է, քանի որ ոչ ավել ոչ պակաս, Սարգսյանի համար այստեղ ապրող ղարաբաղցիները հայրենասեր չեն։ Քաղաքական գործչի այս հայտարարության մեջ քանի՞ քաղաքական սխալ կա.ի՞նչ է նշանակում «այստեղ ապրող ղարաբաղցի»արտահայտությունը, կամ ի՞նչ է նշանակում «կասկածում եմ նրանց հայրենասիրությանը»։ Այստեղ, կարծես թե, ակնարկ կա առ այն, թե Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ:Սա վաղուց արդեն մոռացության մատնվող արհեստական թեզի շարունակություն է հիշեցնում՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, որն առաջ քաշվեց հայտնի օղակների կողմից՝ տարատեսակ անձնական ամբիցիաներ բավարարելու համար։ Հետաքրքիր է, որ այդ օղակների հետ Սարգսյանը որևէ կապ չի ունեցել, իսկ թե ինչու է հիմա փորձում շրջանառության մեջ դնել հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակադրության գաղափարը, մեղմ ասած, անհասկանալի է։ Սակայն փաստ է, որ նման միջոցները պարզունակ են ու բացարձակ անհարիր քաղաքական գործչին և ընդհանրապես քաղաքացուն։
Տիգրան Դավթյան