Հայաստանի ջրամբարները մարտ ամսվա տվյալներով բավարար չափով չեն լցվել
EconomicsՀայաստանի ջրամբարները մարտ ամսվա տվյալներով բավարար չափով չեն լցվել: Այս մասին նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:
«Այս պահի դրությամբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում 94 մլն խմ-ով քիչ ջուր ունենք: Այո, տեղումներն առատ էին, սակայն, ինչպես գիտենք տեղումներին հաջորդեց երկարաժամկետ մառախուղ: Դա հանգեցրեց նրան, որ ձյան շերտը գոլորշիացավ, հոսք չեղավ: Ուզում եմ ընդգծել, որ սա միջանկյալ ցուցանիշ է, առջևում ունենք ապրիլ, մայիս տեղումնառատ ամիսները: Հույս ունենք, դեռ եղանակը բարենպաստ կլինի, տեղումների արդյունքում ջրամբարներում ջուր կունենանք: Ի դեպ, բարձրադիր հատվածներում դեռ ձյան շերտ ունենք»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը: :
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ ոռոգման առումով կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, որ 2017 թվականի ոռոգման գործընթացը պատշաճ կատարվի: Նախապատրաստական աշխատանքները ենթադրում են ջրանցքների մաքրում, ոչ խոշոր վթարների վերացում, ընթացիկ սպասարկում, որը թույլ կտա ջուրը հնարավորինս անկորուստ տեղափոխել և հասցնել ջրօգտագործողներին:
«Այս տարվա համար սահմանված շեմն այն է, որ կարողանանք ապահովել շուրջ 110 հազար հա հողատարածքի կայուն ջրամատակարարում: Այսօր կատարվում են նաև աշխատանքներ մայր ջրանցքներում և բաժանարար ջրանցքներում հոսքաչափեր տեղադրելու ուղղությամբ: Դա թույլ է տալիս ոռոգման ջուրը վերցնել հաշվառման, որ բացառվեն կորուստները: Այդ հոսքաչափերը տեղադրվում են 80 կետերում: Արդյունքում` 5 տոկոսի չափով կրճատելու ենք ջրային կորուստները»,-հավելեց նա: