Բրենդինգի մասնագետը դրսում ապրող հայերին կոչ արեց ավելի շատ խոսել Հայաստանի մասին
SocietyԲրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող DonValley ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը կարծում է, որ երկրի բրենդավորման հարցում շատ կարևոր նշանակություն ունի հեղինակությունը: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ Սոլլի Մոենգն ընդգծեց, որ պետք է երկրի իմիջը գրավիչ դարձնել, հակառակ դեպքում բրենդավորման հարցում ձախողում կլինի: «Հայաստանի պարագայում շատ կարևոր է, որպեսզի աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերը շատ խոսեն այս երկրի մասին, որպեսզի մարդկանց մոտ Հայաստան գալու ցանկություն առաջանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մոենգը:
Նրա խոսքով` ընդհանրապես երկրների բրենդավորման համար շատ կարևոր է հետևողական ու շարունակական աշխատանք լինի, որպեսզի մարդիկ, ովքեր այցելել են որևէ երկիր, հետագայում կրկին ցանկություն ունենան վերադառնալ այնտեղ: «Մենք պետք է շարժվենք այն սկզբունքով, որ բավարարենք մեր հաճախորդներին: Բացասական փորձ ստացող մարդը երբեք ձեր երկրի մասին լավ բաներ չի ասի»,- ասաց բրենդավորման մասնագետը:
Սոլլի Մոենգը հավելեց, որ մասնավոր, պետական հատվածները երկրի ներսում, ինչպես նաև դրսում պետք է համագործակցեն և համատեղ ջանքերով իրենց երկրի դրական իմիջը ձևավորեն: