Նոր դրամաշնորհ՝ գյուղատնտեսության առողջացման համար
EconomicsՄարտի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև ստորագրվել է 1,800,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը: Դրամաշնորհային միջոցները տրամադրվել են որպես դոնոր հանդես եկող Ճապոնիայի կողմից «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման հատուկ հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի շրջանակներում: Նշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Համաշխարհային բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:
Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:
Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից՝ «Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման վերլուծության և ձևավորման համար կարողությունների զարգացում» և «Ծրագրի կառավարում և վարչարարություն, մոնիտորինգ, գնահատում և գիտելիքների տարածում»:
Նախարար Արամյանը իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար:
«Ստորագրեցինք համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ. 1.8 միլլիոն դոլարի չափով դրամաշնորհ, որը տրվելու է Հայաստանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից: Հիմնականում դրամաշնորհը ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և, ամենակարևորը, գյուղատնտեսության նախարարության կարողությունների զարգացմանը», - նշել է Վարդան Արամյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի երկար տարիների համագործակցության պատմություն Համաշխարհային բանկի խմբի հետ: Մենք միասին աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ: Այսօր ստորագրվեց մի շատ կարևոր դրամաշնորհի համաձայնագիր, որը, վստահ ենք, մեծապես կաջակցի գյուղատնտեսական ոլորտում խնդիրների հաղթահարմանը», - ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին: