Երիտասարդական նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլը հանդես եկավ համերգով
CultureՄարտի 24-ին Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի երաժշտական հյուրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոյի համերգը: Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Երեկոյի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ երաժիշտների հետ և նրանց ստեղծագործական գործունեությանը:
Ծրագրում հնչեցին Բախի, Դվորժակի, Ռեգերի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Կոմիտասի ստեղծագործություններից՝ գրված այս կազմի համար, ինչպես նաև փոխադրված տրիոյի երաժիշտների կողմից:
Այս կազմով տրիոն Հայաստանում բացառիկ է։ Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից։
Ջութակահար Անժելա Հովհաննիսյանը փաստում է, որ իեենք առաջին անգամ են հանդես գալիս Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնում, հրավերը ստացել են հենց կենտրոնից:
«Համերգը նման էր երկխոսության, քանի որ երաժշտական կատարումների հետ մեկտեղ ներկայացվում էր տեղեկատվություն մեր անսամբլի, նրա ստեղծման, ստեղծագործական ուղու, մեր հետագա ծրագրերի մասին և այլն»,- նշեց նա:
Տրիոյի երաժիշտները հեշտությամբ են համագործակցում, քանի որ, իրենց խոսքով, առաջին հերթին շատ լավ ընկերներ են, և եթե լինում են տարաձայնություններ, բավականին հեշտ են լուծում դրանք: Առաջիկայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կոլեկտիվը հանդես կգա այլ նախաձեռնություններով:
Հիշեցնենք, որ տրիոյի համերգ-շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի հուլիսի 13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որի ընթացքում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի, Մաքս Ռեգերի, Նինո Ռոտայի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ մեծանուն երգահան Կոմիտասի մանրանվագները, որոնց փոխադրումն այս կազմի համար կատարել է անսամբլի ջութակահարուհի Անժելա Հովհաննիսյանը: