Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու մշակույթի նախարարը քննարկել են ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը
CultureՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է մեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը. հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Եթե այս համերգը հաջողվի, նման միջոցառումներ կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ցանկություն-առաջարկն ուղղված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա՝ 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում նախապատրաստելու հարցերի շուրջ մարտի 28-ին զրուցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Դեսպանն իր կողմի աջակցությունն առաջարկեց, որպեսզի Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ այդ օրերին «լուսային շքերթով» հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը:
Առաջարկը ողջունելով` նախարարն ավելացրեց, որ լուսային այդ ձևավորումը կարող է գործածվել նաև «Էրեբունի-Երևան» հոբելյանական տոնակատարությունների ժամանակ։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկած խոշոր միջոցառումներից են՝ ֆրանսերեն օպերայի պրեմիերա, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հրատարակած ֆրանսերեն գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, Ֆրանկոֆոն երկրներից երգիչների համերգը:
Նախարարի մտահաղացմամբ` գագաթնաժողովի օրերին զբոսաշրջային թուրեր կկազմակերպվեն Հայաստանի այն մարզեր, որտեղ դեռևս 19-րդ դարում ֆրանսիական հետք է եղել (օրինակ` լեռնարդյունաբերությունում ներգրավված ֆրանսիական ընկերություններինն Ախթալայում, Մեղրաձորում...)։
Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ կինոարտադրության բնագավառում ավելի շատ գործընկերներ ձեռք բերելու հույսով, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։