Քանաքեռ-Զեյթունի բնակիչների վստահությունը ևս շատ կարևոր է մեզ համար. Ռոբերտ Սարգսյան
SocietyՆախընտրական հանդիպումների շրջանակում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը հանդիպեց նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:
«Ինչպես գիտեք, թիվ 1 ընտրատարածքն ընդլայնվել է ու Հանրապետական կուսակցության կողմից, որպես ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու, առաջին անգամ առաջադրվում եմ նաև Քանաքեռ-Զեյթունում:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանները ևս ներառված են թիվ 1 ընտրատարածքում, ինչը նշանակում է, որ եռապատկվել է նաև պատասխանատվությունը:
Հատկապես այս վերջին մի քանի շաբաթներին կարծում եմ շատ եք լսել, որ ես քիչ եմ խոսում, Ազգային ժողովի ամբիոնից ելույթներ չեմ ունենում և դա փորձում են ներկայացնել որպես թերություն: Եթե դա թերություն է, խնդիր չկա, թող դա էլ լինի իմ թերությունը:
Ես նախընտրում եմ ոչ թե խոսել, այլ աշխատել, գերադասում եմ քաղաքացիների հետ կենդանի շփումը, ինչի մասին կարող եք իմանալ հենց ավանցիներից:
Պատգամավորական գործունեության անցած չորս ու կես տարիներին ամեն ամսվա վերջին հինգշաբթի օրը Ավանում քաղաքացիների ընդունելության օր եմ ունեցել, որին հազարավոր բնակիչներ են մասնակցել: Նույն աշխատակարգով շարունակելու եմ այս անգամ արդեն երեք վարչական շրջաններում, ամեն ամիս, կոնկրետ վայրում ընդունելության առանձին օրեր եմ ունենալու, որ և դուք հնարավորություն ունենաք ձեզ հուզող հարցերը բարձրացնելու ձեր պատգամավորի առջև, և ես հնարավորություն ունենամ անձամբ շփվելու ձեզանից յուրաքանչյուրի հետ:
Քանաքեռ-Զեյթունի բնակիչների վստահությունը ևս շատ կարևոր է մեզ համար:
Առաջարկում եմ դուք էլ միանաք մեր մեծ ու համախմբված ընտանիքին՝ եռապատկվելով բոլորիս ուժերը առաջընթացի երկրի կառուցման ճանապարհին»,- նշել է Ռոբերտ Սարգսյանը:
Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպմանը ներկա էին նաև Ռոբերտ Սարգսյանի գործընկեր և կուսակից Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը:
«Այս ընտրությունները վճռորոշ են լինելու առաջիկա 5 տարիներին մեր երկրի անվտանգությունն ու առաջընթացը ապահովելու համար: Արդեն 5 տարի է ճանաչում եմ Ռոբերտ Սարգսյանին և կարող եմ վստահ ասել՝ անվտանգությունն ու առաջընթացը շատ վաղուց է նրա հավատամքը: Վստահ եմ նաև, որ ինչպես նախորդ 4.5 տարիներին, առաջիկա 5 տարիներին ևս Ռոբերտ Սարգսյանը ջանասիրաբար է աշխատելու: Նա ժողովրդասեր է, ժողովրդական անձնավորություն է, և առաջիկա տարիներին նա ոչ թե լինելու է պարզապես պատգամավոր, այլ ձեզ հետ ամենասերտ համագործակցողը: Ու ես համոզված եմ դրանում, քանի որ այնքան, ինչքան Ռոբերտ Սարգսյանն է հանդիպում իր ընտրատարածքի բնակիչների հետ, նրա պատգամավորությունը այլ կեպ չի կարելի կոչել, քան՝ համագործակցություն քաղաքացիների հետ»,- նշել է Գագիկ Մելիքյանը:
Հանդիպման ավարտին Ռոբերտ Սարգսյանը ջերմ ու մտերմիկ մթնոլորտում զրուցել է Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Վերջինները նշել են, որ ավանցիներից շատ են լսել Ռոբերտ Սարգսյանի մասին և քարոզարշավի օրերին հնչեցրած վստահեցումը, որ նա շարունակելու է մշտապես լինել քաղաքացիների համար հասանելի պատգամավոր, չեն կասկածում:



