Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը
CultureՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 27-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն: Միջոցառումն անցկացվել է կազմակերպության Ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է Հայաստանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայո ւմ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ֆրանսահայ երաժիշտ Սևան Ստեփանյանի ղեկավարած «Լավաշ» նվագախումբը:
Նույն օրը կազմակերպվեց ֆրանկոֆոն երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողություն, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին մատուցվեցին հայկական ավանդական ուտեստներ»։