Ընտրական այս համակարգը մեզ պարտադրվել է. այն չի ձևավորվել մեր ինքնության հիմքի վրա. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը
– Հետևում եք նախընտրական գործընթացներին: Ի՞նչ տպավորություն ունեք:
– Ցավոք, հետևում եմ: Չեմ կարող անտարբեր մնալ: Շատ տխուր է: Կա քննադատություն, երբեմն կան առողջ ծրագրեր, բայց… Մինչև մարդու մեջ չի մեռնում էգոն, չի ծնվում նրա իսկական ես–ը: Եթե դերասանը բեմի վրա չի մեռնում, չի ծնվում կերպարը: Այսօր մեր քաղաքական դաշտը լցված է այդ էգոյով: Մինչև այդ էգոն չվերանա, չի ծնվի քաղաքականությունը: Ներկայացվող ծրագրերում չկա մաքուր օդ, լուսաբացի, թռիչքի հոտ չկա: Անընդհատ հաշվարկներից են խոսում, տոկոսներից, թվերից:
– Դե, քաղաքականությունը պրագմատիզմ է ենթադրում, դա էլ` թվեր:
– Երբ Չերչիլին ներկայացնում են տարվա բյուջեն, հարցնում է` իսկ ո՞ւր է մշակույթին տրվող գումարը: Պատասխանում են` պատերազմ է, մշակույթը ֆինանսավորելու շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող: Չերչիլը հակադարձում է` այդ դեպքում հանուն ինչի՞ եք պատերազմում: Այդ թվերն իմաստ ունեն, եթե իրենց հետևում կրում են ոգեղեն երկրի տեսիլը: Մի թևանի թռչուն չի լինում: Նյութի հետ միասին, դրանից ավելի պետք է լույսը, հոգևոր տեսիլը: Ի վերջո, նյութը ինչի՞ն է ծառայում, որ օրվա կինոգրամնե՞րն ավելանան:
– Փաստորեն այսօրվա քաղաքական դաշտում չեք տեսնում այն ուժը, որը մեզ կարող է տալ ոգեղեն երկրի լույսը:
– Ցավոք, չեմ տեսնում: Լավագույն դեպքում, որոշ քարոզիչներ խոսում են համահայկականության գաղափարից: Եթե փորձում են համայն հայությանը միավորող գաղափար առաջադրել, դա իր մեջ կրում է այդ տեսիլը, ոգեղեն լիցքը: Որովհետև այսօր ուրիշ դաշնակից, բացի համայն հայության ներուժը, չունենք:
– Չե՞ք կարծում, որ հատկապես այս օրերին համայն հայության մասին խոսելով` քաղաքական ուժերն ուղղակի շահարկում են այդ գաղափարը:
– Ամեն դեպքում, իմ ընկալման մեջ ես անկեղծ եմ: Դա իմ թերությունն է, որ նրանց թերությունը չեմ նկատում:
– Քաղաքական բոլոր ուժերը խոսում են փոփոխության անհրաժեշտության մասին: Այս ընտրությունները մեզ այդ հնարավորությունը կտա՞ն:
– Եթե անգամ ընտրությունները կայանան, անցնեն ազատ ու արդար, միևնույնն է` ես չեմ հավատում ընտրության միջոցով ինչ–որ բան փոխելուն: Այս ընտրական համակարգը ձևավորվել է ոչ մեր ինքնության հիմքի վրա: Այն ստեղծված է` պահպանելու համաշխարհային սպառողական համակարգը: Դա է պատճառը, որ ցանկացած ընտրությունից հետո, որքան էլ դրանք կեղծված լինեն, Եվրոպան արդյունքներն ընդունում է:
Ուստի ես խոսում եմ մեր ինքնության հիմքի վրա միավորման մասին: Ասում ենք` ժողովուրդը չի հավատում ուժերին, գաղափարներն արժեզրկվել են: Դրա համար պետք է ընդհանուր պրոբլեմներին հակադրենք համարժեք մեծ գաղափար` ժողովրդին արթնացնելու համար: Մեր առջև պետք է դնենք գերխնդիրներ: Փոքր խնդիրների մեջ մենք մեռնում ենք:
Եթե աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ նման բան, դա ինձ պետք է ոգևորի, որ դա իմ երկրում պետք է լինի: Մեր մեջ պետք է արթնանա արարատյան մարդը և համայն մարդկության առաջ դնի նոր մտածողություն, նոր արժեքներ, նոր պահանջներ:
– Իսկ որո՞նք են դրանք:
– Մեր տարածքում է եղել դրախտը, մեր երկիրը կոչվել է աստվածային օրենքների երկիր, գերմանացի մի փիլիսոփա ասել է, որ Հայաստանը միշտ եղել է մարդկության Պրոմեթևսը: Մենք կարո՞ղ ենք հարյուրամյակների` մեզ պարտադրված խավարից գլուխ բարձրացնել և գտնել մեր իրական ես–ը, և սպառողական համակարգին հակադրել մարդակենտրոն, արժանապատվության, մաքուր օդի, լույսի վրա հիմնված արժեհամակարգը: Իմ խոսքում միշտ նշում եմ` չեմ կարծում, թե մեր տարածաշրջանն է սխալ, մեր հարևաններն են մեղավոր: Ինչ լավ է, Աստված մեզ հենց այս կետում դնելով` հակադրել է այս գորշ միջավայրին: Այստեղ լույս արարելու շատ ավելի մեծ հնարավորություն ունենք:
– Բայց ինչպե՞ս արթնացնենք արարատյան մարդուն: Այդ ի՞նչ հզոր ցնցում է պետք:
– Որքան էլ վիճակը տխուր է, որքան էլ այդ դավադիր ծրագրերը լինեն գործուն, Աստծո հաշիվները ոչ ոք չի կարող խառնել:
Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո ինչ–որ բան փոխվելու է: Չգիտեմ` լավ, թե վատ առումով, բայց զգում եմ, որ նոր օրակարգ է ձևավորվելու: Եվ դրանում պետք է այդ մեծ երկրում ապրելու գիտակցությունը, պահանջը, նաև պայքարը առարկայանա: Հույս ունեմ, որ ընտրություններից հետո մեր աչքերը կբացենք և կտեսնենք երկնքի իսկական գույնը:
Մի կարևոր հարց ևս: Մեզանում կա հազար ու մի գաղափարի կուսակցություն, բայց այսօրվա եղած մշակութային տեսակին հակադրվող միավորներ գոյություն չունեն: Այսինքն՝ չկան հոգևոր ընդդիմություն: Իսկ դա ամենակարևորն է, քանի որ դրանից է ծնվում քաղաքական ընդդիմությունը: Այսօր մենք քնած ենք այդ հոգևոր պահանջները պայմանավորող դաշտում, որը թելադրում է նաև քաղաքականություն: Այսօր այնքան կարևոր է, որ այդ մասին գոռա այն միավորը, որը իր մեջ կրելով` նաև արարում է այդ երկիրը: Չափազանց կարևոր է այսօրվա համընդհանուր գորշության մեջ ստեղծել այդ ոգեղեն բարձր նկարագիրը կրող հոգևոր պատվերը, որը նաև պետք է պատվեր տա քաղաքական դաշտին: Ես հավատացնում եմ` սա տեսական խոսակցություն չէ: Եթե կա կարող մի ուժ, որը պետք է ինչ–որ բան փոխի, դա ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ մի ճշմարիտ հոգևոր արժեք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: