ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ-ի հետ համատեղ նախատեսում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիր
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ հետ համատեղ ծրագրով նախատեսում է Արմավիրի եւ Արարատի մարզերում կաթիլային ոռոգման ներդրումը, հողերի կոնսոլիդացումն ու այդ մարզերում նոր մշակաբույսերի մշակումը։
Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ծրագրի արժողությունը կկազմի 10 մլն եվրո:
«Հաշվարկները ցույց են տվել, որ 5 հա-ից ավել հողատարածքներում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը զգալի՝ 20-40 տոկոսով ավելացնում է բերքատվությունը ու նվազեցնում է ջրի ծախսը մինչև 50 տոկոսով: Եթե տնտեսությունը վարկ է վերցնում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար, ապա 2-3 տարվա ընթացքում ներդրված գումարը փակվում է լրացուցիչ բերքատվությամբ: Ծրագիրը ներկայացված է և կքննարկվի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ:
Դրանից հետո կտեսնենք, եթե բյուջեում կլինի սահմանված գումար` կսկսենք, եթե ոչ, ապա կնախատեսենք 2018 թվականից»,- ասաց նախարարը` հավելելով, որ արդյունքում կշահի գյուղացիական տնտեսությունը և պետությունը, քանի որ նվազում է սուբսիդավորվող գումարը, ջրի ծախսը և լուծվում է բնակլիմայական խնդիրը: Նախարարը կարևորեց ծրագիրը:
Նախարարը հավելեց, որ կան միջազգային կառույցների կողմից տրամադրված գումարներ այդ ծրագրի զարգացման համար, որը կուղղվի նաև երկրորդական ջրամատակարարման համակարգի ստեղծմանը, քանի որ կաթիլային համակարգի ներդրումը պահանջում է համապատասխան ֆիլտրման, ճնշման, պարարտացման համակարգ: Առաքելյանի խոսքով` կաթիլայինի տեղադրման վարկերը եւս կսուբսիդավորվեն պետության կողմից:
ՀՀ գյուղնախարարությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում նախատեսում է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել 2016թ-ին ստեղծված 50 եւ ֆինանսական օժանդակություն՝ ավելի քան 20 կոոպերատիվների։ Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ` նույն ծրագրով կստեղծվեն բնական աղետների դեմ պայքարի մի քանի պիլոտային ցուցադրական ծրագրեր: