Մեր դիտորդները կդիտարկեն ընտրատեղամասերի 75 տոկոսը. «Քաղաքացի դիտորդ»
Society«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը շուրջ 3400 դիտորդներ է ունենալու ավելի քան 1500 ընտրատեղամասերում:
Այս մասին նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Բոլոր դիտորդները հատուկ վերապատրաստում են անցել եւ գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ եւ անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ:
Դիտորդները գրանցված ընտրախախտումները արձանագրելու են ընտրատեղամասերի գրանցամատյաններում եւ հաղորդելու են հատուկ համակարգի միջոցով, որն արտացոլվելու է ընտրախախտումների քարտեզում:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին օգտվել իրենց ընտրելու իրավունքից այս կարեւորագույն ընտրություններում: Մեր դիտորդները պաշտպանելու են ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում: Մենք քաղաքական ուժերին եւ պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ ընտրակեղծիքներից, քանի որ օրենսդիր մարմին ընտրելու իրավունքը նաեւ կոնվենցիոն իրավունք է, եւ եթե մեր իրավաբանների ներկայացրած բողոքները հայաստանյան դատարանում պատշաճ չքննվեն, եւ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվեն վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա մեր պետության համար կունենա եւ՛ իրավական եւ՛ քաղաքական հետեւանքներ»,- այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լուսինե Հակոբյանը:
Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ունենալու է նաեւ 38 շրջիկ դիտորդական խմբեր եւ 42 իրավաբաններից բաղկացած թիմ, որը խորհրդատվություն է տրամադրելու եւ դիտորդների արձանագրած խախտումների հիման վրա բողոքներ է ներկայացնելու:
Ընտրությունների օրը նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություն կտարածի, ինչպես նաեւ տեղեկատվություն կհրապարակվի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում:
Նշենք, որ դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: