Մեր մեծերը խորհուրդ են տալիս չվիճել տգետների, անբարոյականների, սադրիչների հետ,մենք կպարտվենք. Վահրամ Բաղդասարյանն՝ ընդդիմադիր գործիչների
Ընդդիմադիր թևին Բաղդասարյանը խորհուրդ տվեց զոհվածներին չհիշել և նրանց հարազատների չսպիացած վերքերը չբորբոքել, այնուհետև նշեց, որ երեկ ականատես է եղել պետական դավաճանության. «Կեղծ նյութեր են հրապարակում, որոնք տրամադրվում էին մեր հակառակորդ երկրին և այն ժամանակ, երբ հանդիպում է նախատեսվում ՀՀ ու Ադրբեջանի նախագահների միջև»: Ըստ Բաղդասարյանի՝ հասկանալի է, որ ԱՄՆ-ից գումարներ են տալիս որոշ քաղաքական գործիչների, որպեսզի հանդես գան նման հայտարարություններով, սակայն, նրա խոսքով՝ երեկ այլ բան է զգացել. « Ես երեկ այստեղից զգացի ալիևյան նավթի հոտ, կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունները փոխվել են»:
Բաղդասարյանի ակնարկներին տեղից արձագանքեցին «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ որոշ մարդիկ իրենց վրա են վերցնում, ես անուն չտվեցի, բայց փաստորեն իրականություն կա սրա մեջ », -այնուհետև ԱԺ նախագահին հորդորեց դուրս հրավիրել ամբարտավաններին:
«Մեր մեծերը խորհուրդ են տալիս, որ չվիճենք տգետների, անբարոյականների, սադրիչների հետ, քանի որ նրանք այդ գործին լավ են տիրապետում և մենք կպարտվենք: Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, իսկ պոռոտախոսներին հարցնում եմ` գոնե մեկ անգամ նայե՞լ եք հայելու մեջ ու հարցրել ինքներդ ձեզ, թե ինչ եք արել այս երկրի համար»,-այնուհետև դիմելով Կարեն Անդրեասյանին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մի մեղադրեք պատգամավորներին ու հանձնարարականներ մի տվեք նրանց, երիտասարդ եք, ամբիցիաներ ունեք: Հուսով եմ, որ դա կանցնի, փոխվեք ու սկսեք աշխատել ԱԺ հանձնաժողովների ու պատգամավորների հետ»