Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընդունել են ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
EconomicsՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 31-ին տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզի, ԱՄՀ և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի տնտեսագետների ուղեկցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ԱՄՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։
Առաքելության հիմնական նպատակը ԱՄՀ 38-ամսյա երկարաձգվող ֆոնդային կարողության համաձայնագրի հինգերորդ վերանայման շրջանակում տնտեսական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։
Օրակարգի առանցքում էին ներդրումային քաղաքականության իրականացման ընթացքին, Հայաստան-ԵՄ նախաստորագրված նոր համաձայնագրին, ԵՄ մակրոտնտեսական և ֆինանսական աջակցությանը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված զարգացումներին առնչվող հարցեր։
Անդրադարձ է եղել ներդրումային հիմնադրամների ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և սպասվող արդյունքներին, քննարկվել են երկրի տնտեսական զարգացման արդյունքները և ակնկալվող միտումները:
Հանդիպման ընթացքում փոխնախարարները մանրամասն պարզաբանումներ և մեկնաբանություններ են տվել բոլոր հարցադրումներին։