Պահանջատիրություն՝ իրավունքին համապատասխան
Արևմտահայերի ազգային համագումարի գլխավոր նպատակն է տեր կանգնել արևմտահայերի՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների 7 միլիոն ժառանգների իրավունքներին,- այս մասին հայտնում է ORER.am-ը: 4-րդ համագումարին ընդառաջ համաժողովին ներկա էին պետական, հանրային և մշակույթի գործիչներ, հայրենակցական միությունների անդամներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ: Արևմտահայերի Ազգային Համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Սևրում 2011թ. դեկտեմբերին կայացած Արևմտահայոց 3-րդ համագումարի որոշումով, այնուհետև գրանցվել է Փարիզում և ՄԱԿ-ի Սոցիալական և տնտեսական ֆորումում: Ի ՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունված ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ:
Արևմտահայերի ազգային համագումարն ի սկզբանե հանդես է եկել որպես լիազոր ներկայացուցչական մարմին: Այն իր գործունեության մեջ ներառել է բազմաթիվ հայրենակցական միություններ, սփյուռքահայ կազմակերպություններ, որոնց մի շարք մասնաճյուղեր այժմ ակտիվ գործում են Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Այսպիսով, ստեղծվում է ներկայացուցչական մարմինների հզոր ցանց իրենց իսկ համայնքներում, իսկ Արևմտահայերի ազգային համագումարը հանդես է գալիս որպես արևմտահայերի շահերը Հայաստանում ներկայացնող լիազոր մարմին:
Արևմտահայերի ազգային համագումարի գլխավոր նպատակն է հանդես գալ պահանջատիրության դիրքերից և տեր կանգնել արևմտահայերի ժառանգների իրավունքներին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ բոլոր նմանատիպ կազմակերպությունները պետք է աշխատեն պետության առաջ, իսկ պահանջատիրության հարցում պետական մոտեցում, ամեն դեպքում, ցուցաբերվում է.
-Շատ գովելի է, որ արևմտահայ հայրենակցական միությունները և արևմտահայերի ժառանգների կազմակերպությունները նման համաժողով են կազմակերպել, քանի որ մի ողջ ժողովուրդ ցեղասպանվել և հայրենազրկվել է իր հայրենիքում: Սակայն հիշեցի, որ ունենք անկախ Հայաստանի Հանրապետություն և պահանջատիրության պայքարը պետք է համակարգվի Հայաստանում: Բոլոր խնդիրները պետք է համաձայնեցվեն և քննարկվեն պետության համար, բոլոր կազմակերպությունները պետք է աշխատեն պետության առաջ: Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ պահանջատիրության մասով հնչեցրած մտքերը չսպասարկեին Հայաստանի Հանրապետության շահերը, ապա ՀՅԴ ներկայացուցիչները կքննադատեին, բայց ոչ միայն չքննադատեցին, այլև գոհունակությամբ լսեցին: Չպետք է առաջնորդվենք մեր էմոցիաներով, քանի որ մենք երկխոսելու ենք Օսմանյան կայսրության ժառանգորդների հետ: Պետք է համախմբված աշխատենք և յոթ անգամ չափենք ՝ մեկ անգամ կտրենք:
Արևմտահայերի շահերի ու պահանջատիրության բոլոր սկզբունքներն ամփոփող գլխավոր իրավաքաղաքական փաստաթուղթը վերջնական տեսք կստանա Արևմտահայոց 4-րդ համագումարում, որը նախատեսվում է անցկացնել մինչև 2015 թվականի ապրիլ ամիսը: Պահանջագիրը, որը ներկայացվելու է Թուրքիայի իշխանություններին, կոչ է Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված շահերը և ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Արևմտահայերի ազգային համագումարը դիմել է արևմտահայ բոլոր կառույցներին, համայնքներին, գաղթօջախներին և հայրենակցական միություններին՝ կազմակերպելու խորհրդակցական հավաքներ ու ժողովներ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման համար:
Համագումարը նաև գիտական բարձր մակարդակով կազմակերպելու համար ներգրավված կլինեն խնդրին գիտակ մասնագետներ և հեղինակավոր գիտնականներ: