Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ` ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ
SocietyՀայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը, Արցախն այսօր շարունակում են այն գործը, որը սկսել են 91 թվականից: Այն է՝ հզոր ու մարտունակ բանակ ունենալը:
«Այսօր սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմն ասում է՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է, նոր քննարկում ենք մնացածը: Ադրբեջանը դնում է խնդիր` ասելով` տվեք տարածքներ, նոր քննարկենք Արցախի կարգավիճակի հարցը: Թուրքիան էլ Ադրբեջանին աջակցում է տարածքների վերադարձի հարցում: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ասածը պարզապես խաբեություն է: Ադրբեջանը Ղարաբաղի հարցում չի ուզում գնալ որևէ զիջման: Հետևաբար, ներկա վիճակը դեռ երկար է շարունակվելու, Ադրբեջանն էլ շարունակելու է դիմել սահմանային սադրիչ գործողությունների: Հետևաբար , հայկական կողմի անելիքը պետք է լինի շարունակել հզորացնել բանակը, ինչը և արվում է»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նա հիշեցրեց, թե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ինչպես հայկական կողմը կարողացավ նախապես բացահայտել ու կանխելով` արժանի հակահարված տալ: Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ դա արված աշխատանքի ցուցիչ է:
«Մեր զինվորներն ավելի պատրաստված են, և սա է հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ: Խոսվում է այն մասին, թե որքան պետք է մեր երեխաները զոհվեն: Այո, դա շատ ցավալի է բոլորիս համար: Բայց հարցն այսպես է դրված, կամ պարտվում ենք, կամ էլ շարունակում ենք պայքարել` հզորացնելով բանակը»,-ասաց նա: