Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայության մասին լուրերը չեն հաստատվում. ԱԳՆ
SocietyՍանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխաբվոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն»,- նշել է Բալայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր տոժածների թվում հայերի առկայության մասին:
Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին: Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից:
ՌԴ Քննչական կոմիտեն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Տեղի ունեցածի առնչությամբ ցավակցական հեռագրեր են հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: