ՀՀԿ-ականները ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրը հրավառություն են կազմակերպել. «Ժողովուրդ»
Society«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգևորությամբ են նշել այդ իրադարձությունը: Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երևանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:
Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք և Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից: Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները:
Հրավառությունների հնարավորության կանխատեսումը դեռ ամիսներ առաջ էինք արել` գրելով, որ անթույլատրելի է ապրիլյան քառօրյա պատերազմի՝ 100-ից ավելի զոհերի հիշատակի օրը հրավառություն կազմակերպել: Բայց պարզվում է` չօգնեց: Իսկ ՀՀ ոստիկանությունը, որ համացանցի ամեն գրառման օպերատիվ արձագանքում է, փորձում է հրավառության խայտառակ փաստը չտեսնելու տալ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: