ՀՀ կառավարությունը ու IDeA-ն Դիլիջանում կրթական կլաստերի վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Society«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու ՀՀ կառավարությունն ապրիլի 3-ին կնքել են համագործակցության հուշագիր Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման նախաձեռնությունների լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։
Հաշվի առնելով կրթության մակարդակի և որակի բարձրացման, երկրի հանրակրթական համակարգի մեջ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող նորարարական պրակտիկայի ներդրման անհրաժեշտությունը՝ Հայաստանի կառավարությունը դիտարկում է փորձնական ծրագրի շրջանակներում մասնավոր հատվածի մասնակցությամբ Դիլիջան քաղաքում Կրթական կլաստերի (ԴԿԿ) ստեղծման հնարավորությունը։
Կլաստերի ստեղծման ռազմավարական նպատակն է Հայաստանում ապագայի կրթական միջավայրի ստեղծումը, որում հաջողությամբ կիրառվում են աշխարհի առավել առաջադեմ կրթական համակարգերի տարրերը։
Ըստ հուշագրի` կառավարությունը՝ ի դեմս կրթության և գիտության նախարարության եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, կաշխատի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ հայեցակարգի մշակման, մասնակիցների միջեւ փոխհարաբերությունների կանոնների և ինչպես բուն կլաստերի, այնպես էլ դրանում ներառվող հաստատությունների կրթական բովանդակության վրա։
Ըստ հուշագրի` ԴԿԿ-ն լինելու է բաց կրթական էկոհամակարգ, որը կարող է ներառել նոր մասնակիցներ՝ այդ թվում հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ։ Հետագայում այս նախագիծը կարող է կրկնօրինակվել Հայաստանի մյուս շրջաններում։