Հայաստանն ու Լատվիան քննարկել են համագործակցության հնարավորությունները համատեղ ֆիլմարտադրության և գրական թարգմանությունների ոլորտներում
CultureՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ապրիլի 4-ին Ռիգայում Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության հնարավոր բոլոր ուղղությունները, այդ թվում և գործակցությունը կինեմատոգրաֆիայի, գրականության, երաժշտարվեստի ոլորտներում:
«Հանդիպման ժամանակ խոսվեց համատեղ արտադրության ֆիլմերի մասին, քանի որ երկու երկրներում էլ կան անհրաժեշտ նախադրյալներ ֆիլմարտադրության հարցում աջակցություն ստանալու համար: Կարևոր հանգամանք է այն, որ Հայաստանն ու Լատվիան անդամակցում են եվրոպական Eurimage ծրագրին, որը հնարավորություն է տալիս ֆինանսավորում ստանալ համատեղ արտադրության ֆիլմերի համար: Խոսվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում լատվիական ֆիլմերի ցուցադրության մասին»,- նշեց նա:
Անդրադառնալով գրականության ոլորտին` կողմերը խոսել են թարգմանությունների, փառատոնների մասնակցության մասին:
«Ընդգծվեց լատվիական հեքիաթների՝ հայերեն, իսկ հայերեն ստեղծագործությունների՝ լատիշերեն թարգմանությունների կարևորությունը: Լատվիական հեքիաթներն արդեն թարգմանվում են հայերեն, պայմանավորվեցինք, որ առաջիկայում կդիտարկվի հայկական հեքիաթների, Սասունցի Դավթի, հայ դասական և ժամանակակից գրողների թարգմանությունը լատիշերեն` նկատի ունենալով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դրանց թարգմանության հնարավորությունը»,- հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարարը:
Նրա տեղեկացմամբ` կողմերը քննարկել են նաև Հայաստանում անցկացվող միջազգային փառատոնների շրջանակում լատվիական մասնակցության հարցը, ինչպես, օրինակ, «Հայֆեստ», «Գրական Տապան» փառատոնները, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: «Հայաստանն այս տարի արդեն միանում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, որը եվրոպական մի շարք երկրների հետ համագործակցության պարագայում մեծ դրամաշնորհային հնարավորություններ է ստեղծում: Պայմանավորվեցինք, որ բոլոր հնարավորությունները պետք է դիտարկվեն այս ծրագրի շրջանակում լայնամասշտաբ նախագծեր իրականացնելու և համատեղ հայտեր ներկայացնելու գործում»,- ընդգծեց Տեր-Վարդանյանը:
Նա հայտնեց նաև, որ Հայաստանի ֆիլմարտադրության ոլորտի համար խիստ կարևոր է այլ երկրների կողմից մեր երկրում ֆիլմեր նկարահանելու դեպքում ծախսված գումարի որոշակի մասի վերադարձի մեխանիզմը, որն արդեն գործում է Լատվիայում: «Պայմանավորվեցինք, որ փորձի փոխանակում պետք է անենք»,- ասաց նա: