«Լրագրողները բոյկոտում են Սերժ Սարգսյանի այցը Գյումրի»
Blog«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բոյկոտի կոչ
Հարգելի գյումրեցի (եւ ոչ միայն գյումրեցի) լրագրողներ, ԶԼՄ խմբագիրներ եւ սեփականատերեր:
Հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը չի կատարել իր նախընտրական խոստումները եւ մինչ օրս մոտ 4.000 ընտանիք անօթեւան է Գյումրիում' առանց բնակարան ստանալու կամ արժանապատիվ կացարան ունենալու որեւէ տեսանելի հեռանկարի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարբերաբար ինքն ու իր ենթակա պաշտոնյաները ձգձգում են խնդրի լուծումն ու քաղաքական կասկածելի դիվիդենտներ շահելու համար զանազան ցուցադրական այցեր են կատարում Գյումրի, սփյուռքին, տարբեր դոնորների ձեւականորոն ցույց տալով, թե իբր գործ են անում այստեղ, հաշվի առնելով, որ Գյումրին շարունակում է մնալ աղքատության, արտագաղթի, գործազրկության եւ անօթեւանության ճիրաններում, ինչի մասին միլիոն անգամ անհետեւանք գրել են տեղական ԶԼՄ-ները, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն անգամ ԶԼՄ-ներին ակամա ներգրավում են Ս.Սարգսյանի պայծառափայլ անձի քաղաքական կամ վարկանշային գովազդների մեջ, հաճախ սահմանափակելով հենց լրագրողների իրավունքները, կոչ եմ անում
Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 22-ի եւ հետագա այցելությունները մեր քաղաք չլուսաբանել, բոյկոտել եւ անտեսել: Դրա փոխարեն խորհուրդ եմ տալիս լուսաբանել մեկական անօթեւան ընտանիքի կյանքն ու չարչարանքը հենց նույն ժամերին, այցից առաջ եւ հետո լուսաբանել այն կառույցների անցուդարձը, որ ուշագրավ կհամարեք:
Ես հասկանում եմ, որ լրագրողներից ոմանք դժվարություններ կունենան միանալու այս բոյկոտին, բայց վստահ եմ' անգամ այդ դեպքում կարող են որեւէ ձեւական պատճառաբանությամբ չանել այդ անշնորհակալ աշխատանքը: Ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ տեղական այլ ԶԼՄ-ներին, սակայն մեր թերթին եւ asparez.am կայքի մեր թղթակիցներին դիմում եմ նույն կոչով: Մեր թերթում բաց տարածք է տպվելու այցի մասին մասին հոդվածի փոխարեն, որում լինելու է բացատրություն, թե ինչու չի լուսաբանվել Ս.Սարգսյանի հերթական ձեւական ցուցադրական այցը Գյումրի:
Շնորհակալություն, ըմբռնումով վերաբերվելու համար:
Լրագրողներին եւ մեր ոչլրագրող համախոհներին խնդրում եմ տարածել այս կոչը, առաջարկելով բոյկոտին միանալ նաեւ երեւանյան մեր գործընկերներին:
Հարգանքներով` Լեւոն Բարսեղյան»:
Նշենք նաև, որ Գյումրիից մի խումբ լրագրողներ ֆեյսբուքյան իրենց էջերում արձագանքել են կոչին և հայտարարել, որ «բոյկոտոմ են Սերժ Սարգսյանի այցը Գյումրի»: