Երեք ամիսների ընդհանուր 1.4 տոկոս գնաճն ԱՎԾ նախագահի խորհրդականը կապում է հունվարի բարձր գնաճի հետ
EconomicsՀայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի հունվարին արձանագրվեց բարձր գնաճ` 2.6 տոկոս, այնուհետև հաջորդ երկու ամիսներին՝ փետրվարին և մարտին արձանագրվել է գների անկում, համապատասխանաբար, 0.9 և 0.3 տոկոսներով:
Այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ` փետրվարի և մարտի ընդհանուր գնանկումը կազմել է 1.2 տոկոս, սակայն երեք ամիսների ընդհանուր գնաճը դեկտեմբերի համեմատ կազմել է 1.4 տոկոս:
«Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարվա հունվարին գնաճը 2.2 տոկոս էր, իսկ փետրվարի և մարտի գնանկումները բարձր էին: 2016-ի փետրվարի և մարտի գնանկումներն ընդհանուր առմամբ կազմել են 1.8 տոկոս: Ուստի երեք ամիսների գնաճը կազմել էր 0.4 տոկոս: Այսինքն` 1 տոկոսային կետով այն զիջում է այս տարվա 1.4 տոկոս գնաճին»,- ասաց Մարտիրոսյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդականը նաև ներկայացրեց առանձին բնակավայրերի կտրվածքով սպառողական գների ինդեքսը: Նրա խոսքով` միջին հանրապետական 0.3 տոկոս գնանկման պարագայում ընդհանուր 11 բնակավայրերի կտրվածքով գների նվազումը կազմել է 1.1-0.1 տոկոսի սահմաններում: Գնանկման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով, այսինքն` միջին հանրապետական ցուցանիշից ավելի ցածր: