Ռիգայի մայր տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ
CultureԼատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում (Riga Doms) տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:
Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ և լատվիացի հասարակական գործիչներ:
Համերգի բացմանը ելույթ ունեցան Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:
Համերգին կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Եվրոպայում լավագույն երգչախմբերից մեկը համարվող Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ, Ռիգայի մայր տաճարի երգեհոնահար Իլզե Ռեյնեն և շեփորահար Յանիս Պորիետիսը:
Հնչեց հայկական հոգևոր երաժշտություն (Սահակ Պարթև, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Կոմիտաս), ինչպես նաև՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի և Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Մենք հավաքվել ենք այստեղ՝ նշելու Սուրբ Գրիգոր Նարեկացու հանրաճանաչ «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանությունը, որը գալիս է լրացնելու 30 այլ լեզուներով կատարված թարգմանությունները: Գրիգոր Նարեկացին 10-րդ դարի հայ հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, բանաստեղծ, միստիկ և երաժիշտ էր: Նա սրբադասվել էր իր կենդանության օրոք, հիացմունքի աղբյուր էր և մինչ օրս մեծարանքի է արժանանում: Նա մեծարանքի է արժանացել այլ քրիստոնեական եկեղեցիների կողմից ևս: 2015թ-ին Սբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչումը՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու 1700-ամյա գոյության ընթացքում 36 դոկտորներից մեկը:
Երկու օր առաջ տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը, որին հետևեց միջնադարյան հայկական եկեղեցիների ֆոտո ցուցահանդեսը: Մյուս օրը մեկնարկեց միջազգային գիտաժողովը, որտեղ Գրիգոր Նարեկացու աշխատանքը ներկայացվում է որպես Արևելքի և Արմուտքի միջև կամուրջ: Այսօր Գրիգոր Նարեկացուն նվիրված այս հրաշալի, շատ առումներով աննախադեպ համերգի ականատեսն ենք՝ որպես Լատվիայում հայկական մշակույթի օրերի ամփոփում:
Բոլոր այս միջոցառումների միջոցով նպատակ ունենք ներկայացնելու հայկական մշակույթի ունեցած ավանդը համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ»:
Իր հերթին, Բալթյան երկրների հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը նշել է. «Այսօր մեզ համար պատմական օր է: Այսօր մենք պատվում ենք հայկական վաղ վերածննդի ժամանակաշրջանի բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն, որը Սուրբ է ոչ միայն հայ եկեղեցու համար:
Եկեղեցու օրհնությամբ Գրիգոր Նարեկացու գիրքը թարգմանվել է լատվիերեն լեզվով թարգմանչուհի Վալդա Սալմինայի կողմից, իսկ այսօր մենք կունկնդրենք միջնադարյան երաժշտություն այս պատմական տաճարում և կներթափանցենք պատմական Հայաստանի ակունքները:
Վստահ եմ, որ այս համերգը առավել կամրացնի հայ լատվիական բարեկամությունը»:
Լատվիայի համալսարանում ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպանություն կողմից կազմակերպված Օքսֆորդի համալսարանում հայագիտության ամբիոնի վարիչ, Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր Թեո վան Լինտի դասախոսությունը` նվիրված Հայոց ցեղասպանության արտահայտությանը Եղիշե Չարենցի ժառանգությունում, որով էլ ամփոփվեց Լատվիայում հայկական մշակույթին նվիրված շաբաթը: