Բոլորս դեպի արտակարգ ռեժիմ
AnalysisԿառավարությունն անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի: Վարչապետի այս հաղորդումը կարող ենք համարել լավ լուր, սակայն հետաքիր է, թե ինչ է տալու 8-ի փոխարեն 10-12 ժամյա աշխատանքը: Վերջիվերջո, Հայաստանին հարկավոր է ոչ թե արտակարգ ռեժիմով աշխատող կառավարություն, այլ արտակարգ լավ աշխատող: Իսկ լավ աշխատանքը բոլորովին էլ երկար աշխատելը չէ: Վարչապետը շեշտում է՝ Հանրապետական կուսակցությունն ստացել է վստահության քվե, ուստի պետք է աշխատի արտակարգ ռեժիմով:
Սակայն այստեղ մի հարց այդպես էլ չի գտնում իր պատասխանը՝ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որպեսզի իշխանության կուսակցության վստահության քվեն ձևավորվեր կառավարության ոչ թե արտակարգ, ոչ թե ստանդարտներից դուրս ու ոչ թե տաբեր փաթեթավորումներով մատուցվող աշխատանքի շոշափելի արդյունքներով և ոչ թե վարչական ռեսուրսի կիրառմամբ, ընտրակաշառքներով և տարատեսակ անհասկանալի տարրին ընտրական գործընթացների մեջ ներգրավելով:
Ի վերջո, ցանկացած կառավարության աշխատանքի արդյունքը պետք է քաղաքացին ուղղակիորեն և առանց բայցերի զգա իր կենցաղում, իր առօրյայում և մաշկի վրա: Մնացած բոլոր դեպքում քաղաքացուն դժվար թե հետաքրքրի, թե այս կամ այն նախարարը, փոխնախարարը կամ պաշտոնյան աշխատավայրում 8, թե 14 ժամ է անցկացնելու, առավել ևս այն դեպքում, երբ հայաստանյան աշխատաշուկայի ներկայիս իրավիճակում զբաղվածություն ունեցող քաղաքացիներից շատերը չեն կարող իրենց մինիմալ խնդիրները հոգալ ընդամենը մեկ տեղ աշխատելով: Արդյունքում մեզնից շատերն աշախատում են երկու և ավելի տեղ՝ բնականաբար աշխատելով 12, 14 և ավել ժամ օրվա ընթացքում:
Այնպես որ կարող ենք փաստել՝ ըստ վարչապետի մոտեցման՝ հայաստանյան հասարակության աշխատող հատվածը այսպես թե այնպես անվերջանալի թվացող արտակարգ ռեժիմի մեջ է: Իսկ թե ինչ կտա այս իրավիճակի փոփոխության տեսանկյունից կառավարության արտակարգ ռեժիմով աշխատելը, կտեսնենք ամենամոտ ապագայում:
Աղասի Մարգարյան