Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի Լաշա Տալախաձեին հաղթելու հնարավորությունը
SportԱռաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու եմ վրացի ծանրորդին, իսկ Եվրոպայի այս առաջնությունում դեռեւս պատրաստ էի միայն արծաթե մեդալի:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ծանրամարտի 2017թ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որն այս գիշեր ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց թիմերի հետ Խորվաթիայից վերադարձավ Հայաստան:
«Ամեն հնարավոր բան արեցի, որքան ուժերս թույլ տվեցին եւ արժանացա արծաթե մեդալի: Սրանից ավելի այս պահին չէի կարող անել: Բարձրացրեցի այնքան կիլոգրամներ, որքանի պատրաստվել էի: Մի փոքր հրում վարժությունում թերացա: Այնքան, ինչքան մարզումների ընթացքում էի արել, մրցահարթակում չբարձրացրեցի: Հրում վարժության համար նախապատրաստվել էի ավելիին:
Երբ հնարավորություն լինի, առաջին իսկ դեպքում անելու եմ այնպես, որ հաղթեմ վրացի Լաշա Տալախաձեին: Ես բաց չեմ թողնի նրան հաղթելու հնարավորությունը: Իսկ այս առաջնությունում պատրաստ էի արծաթե մեդալին»,- ասաց Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը երկամարտում հավաքեց 446 կգ (211+235) եւ 21 կգ-ով զիջեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեին, որը նաեւ աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (117 կգ):
Լուսինե Շահբազյան