Հանրապետական կինոցանցը կմեծացնի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը
CultureՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հանրապետական կինոցանց կստեղծվի: Այն հնարավորություն կտա մարզերում ապրող բնակիչներին դիտել ժամանակակից բոլոր ֆիլմերը, որոնք ցուցադրվում են մայրաքաղաքի կինոթատրոններում: Կինոցանցի շահագործումը կիրականացնի «Մոսկվա» կինոթատրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Նախատեսում ենք մեկ ցանցում հարյուր կինոթատրոն ներառել, փորձում ենք այդ նպատակով գործընկերներ գտնել: Մարզերում ապրող քաղաքացին հնարավորություն կունենա դիտել հայկական և արտասահմանյան բոլոր կինոնկարները, որոնք ցուցադրվում են Երևանի կինոթատրոններում»,- ասաց նախարարը և հավելեց, որ այն կարող է տնտեսական հետաքրքրության լուրջ ցանց դառնալ, որում ներդրումներ կկատարեն ձեռներեցները:
Սկզբի համար նախատեսված է ստեղծել պարզունակ սարքերով, բայց աշխատող կինոդիստրիբուցիայի, կինովարձույթի ցանցեր, որպեսզի հնարավոր ու հավանական անհատները կամ կազմակերպությունները խոշոր ներդրումներ կատարեն:
«Մենք պետք է կարողանանք կինոյի նկատմամբ հետաքրքրություն, սեր առաջացնել, այցելուների քանակ ապահովել, դրամաշրջանառություն կազմակերպել: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի իրականացնել այս ամենը առնվազն մեկ տարվա ընթացքում»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:
Նախարարի խոսքով` իրենք հաշվառում են ՀՀ մարզերում առկա հանրակրթական, երաժշտական դպրոցների, մշակույթի պալատների դահլիճները, որտեղ հնարավոր է կինոցուցադրություններ կազմակերպել: Ամիրյանն ասաց, որ կինոցուցադրություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համայնքի ղեկավարության ու հանրության համաձայնությունը:
«Մենք արձանագրել ենք, որ ՀՀ մարզերում մշակույթի բաց կա, առավել ևս դա վերաբերում է կինոցուցադրություններին: Այդ առումով մենք արդեն առաջին քայլն արել ենք: Վերջերս Չինաստանի դեսպանատան հետ ստորագրեցինք պայմանագիր, որի համաձայն` Չինաստանը մեզ է նվիրելու չորս շարժական կինոթատրոն, որոնք տասը օրվա ընթացքում կներկայացնենք հանրությանը»,-շեշտեց նախարարը:
Անժելա Համբարձումյան