Վարշավայում հայ կոմպոզիտորների գործեր կհնչեն
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթներով հանդես կգա ապրիլի 11-ին` Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Համերգը տեղի կունենա Վարշավայում անցկացվող Բեթհովենի Զատկի փառատոնի շրջանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադա» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։
Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև Լեհաստանի հայկական համայնքի ձևավորման 650-ամյա հոբելյանին։
Բեթհովենի Զատկի փառատոնը երաժշտական աշխարհի խոշորագույն իրադարձություններից է։Այն այս տարի անցկացվում է ապրիլի 2-17-ը։ Նշենք նաև, որ ապրիլի 12-ին Հայաստանի պետականերիտասարդական նվագախումբը համերգով ելույթ կունենա Լյուբլինի (Լեհաստան) Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում: