Հանրապետականներն ընդդեմ հանրապետականների
Analysis«Ժողովուրդ» օրարթերթը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, թե հանրապետականի պարտված ռեյտինգային թեկնածուներից շատերը հետ են պահանջում բաժանված ընտրակաշառքը: Այս լուրը սակայն հայտնություն չէ, քանի որ ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտնվեցին ընտրակաշառքը հետ պանաջելու մասին տեղեկություններ:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, հանրապետականների ներքին «պատերազմների» տեսանկյունից ամեն ինչ դեռ առջևում է:
Բանն այն է, որ պարտված ռեյտինգայինները առավելագույնը կարող են ընտրողներից հետ պահանջել ընտրակաշառքները, իսկ ինչ վերաբերում է հաղթած թեկնածուներին, ապա այստեղ իրավիճակը բոլորվին այլ է:
Հանրապետական կուսակցությունն իր բնույթով մշտապես էլ եղել է առավելապես անձնական ու խմբակային շահերի առանցքի շուրջ ձևավորված կազմավորում: Բնականաբար այս կազմավորման մեջ ընդգրկված ցանկացած ոք իր ծառայություններն է ներդնում ընդհանուր գործին՝ ակնկալելով դրա դիմաց որոշակի հատուցում: Նախկինում կուսակցությունն իր կարկառուն ներկայացուցիչներին վարձահատույց էր լինում այս կամ այն պաշտոնը կամ պատգամավորական մանդատ տալով, սակայն նոր ռեյտինգային ընտրակարգի պայմաններում փոխհատուցում ակնկալողների թիվն աննախադեպ կերպով ավելացել է:
Սա նշանակում է, որ առաջիկայում մենք ականտես ենք լինելու բազմաթիվ սկանդալային տեղեկությունների այն մասին, թե ինչպես են երդվյալ ու գաղափարական հանրապետականները պայքար մղում միմյանց դեմ՝ իշխանությունից իրենց մասնաբաժինը ստանալու համար: Ուստի, այս տեսանկյունից գուցե շատ ավելի խաղաղ պայամաններում են գտնվում պարտված հանրապետականները, որոնք կա՛՛մ հետ կստանան որպես ընտրակաշառք բաժանված իրենց գումարները, կա՛մ ոչ, իսկ ներկուսակցական մենամարտերից այդպես էլ հեռու կմնան:
Աղասի Մարգարյան