Հայ ժողովուրդը մեր ազգային փոքրամասնության համար ամեն բան արեց. Կնյազ Հասանով
SocietyԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անցկացված ասուլիսի ժամանակ բանախոսներ՝ Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն ու «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը, որոնք ներկայացված են լինելու ձեւավորվող օրենսդիր մարմնում, խոսեցին ազգային փոքրամասնությունների խնդիրների ու ԱԺ-ում իրենց դերակատարության մասին:
Կնյազ Հասանովն իր խոսքում ասաց. «Սովետական կարգերի փլուզումից հետո ԱԺ-ում չկային քրդական համայնքի ներկայացուցիչներ, սակայն սահմանադրական փոփոխությունները թույլ տվեցին, որ քրդական համայնքի ներկայացուցիչները կարողանան մտնել խորհրդարան»: Ինչպես նշեց բանախոսը, պատճառն այն է, որ այն ժամանակ պատգամավոր ընտրվում էին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով:
«Համամասնականի դեպքում մենք չունեինք ազգային այնպիսի կուսակցություն, որ կարողանար մեկ պատգամավոր ընտրվել այդ կուսակցության միջոցով, իսկ մեծամասնականի դեպքում՝ չունեինք քրդաբնակ տարածքներ, որ հնարավոր լիներ հավաքել մինչեւ հիսուն հազար ձայն, որպեսզի ընտրվեր քրդական համայնքի պատգամավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ում չկային նաեւ այլ ազգային փոքրամասնություններ:
«Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն էլ ասաց. «Մեր ցանկությունն այն է, որ ասորական համայնքը մշտապես իր դերն ունենա Հայաստանի զարգացման գործընթացում. սա պատմական իրադարձություն է, որ ԱԺ-ն ունենա ասորական համայնքի ներկայացուցիչ: Դա կարեւոր է նաեւ մեր դրսի ասորական համայնքների համար: Մենք հնարավորություն կունենանք մեր էթնիկ խնդիրները բարձրացնել ԱԺ-ում»,- ասաց նա ` հավելելով, որ իրենց հաճախ են հարցնում՝ ԱԺ-ում ներկայացուցիչ պետք է ունենաք, որպեսզի համայնքային խնդիրներ լուծեք, Միխայլովն ընդգծեց. «Այո՛, ԱԺ-ում մենք կարող ենք բարձրաձայնել եւ լուծել խնդիրները՝ այդ հարթակից»:
Որպես կարեւորագույն խնդիրներ Արսեն Միխայլովն ընդգծեց մեկը` կրթության հարցը. «Կրթական ոլորտում աշխատանք ունենք անելու. մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցն ավարտելուց հետո խոսեն եւ գրեն հայերեն»:
Խնդրի առնչությամբ Կնյազ Հասանովն էլ հավելեց. «Մեր երեխաները սովորում են մայրենի լեզու: Սովետական կարգերի փլուզումից հետո մենք ունեցանք լատինատառ դասագրքեր, հայ ժողովուրդը մեր ազգային փոքրամասնության համար ամեն բան արեց, որի համար շնորհակալ ենք»: