«Կոնկրետ թիվ ոչ մեկը ոչ մեկի վրա չի դնում». փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ ՀՀԿ–ի համար ձայն բերելու մասին. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ ավագանու ցուցակում այս ընտրություններում ևս առաջադրվել են Երևանի փոխքաղաքապետերը, որոնք հիմնականում ՀՀԿ–ականներ են՝ Դավիթ Օհանյանը, Կամո Արեյանը, Արամ Սուքիասյանը և Վահե Նիկոյանը:
Ուշագրավ է, որ ավագանու նախորդ ընտրություններում ևս նրանք առաջադրվել էին, սակայն ավագանու մանդատը չվերցրին՝ մնալով իրենց պաշտոնում: Ստացվում է՝ ՀՀԿ–ն փոխքաղաքապետերին առաջադրում է՝ կուսակցության ձայն բերելու համար ու, թերևս միայն այդ դեպքում նրանք կշարունակեն պաշտոնավարել:
«Փաստը» զրուցեց Երևանի փոխքաղաքապետ, Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանի հետ:
– Պարոն Օհանյան, ի՞նչն է պատճառը, որ Երևանի քաղաքապետի բոլոր տեղակալները մտել են մրցապայքարի մեջ ավագանու ցուցակով ու ուզում են դառնալ ավագանու անդամ: Ինչո՞ւ եք Դուք ուզում դառնալ ավագանու անդամ:
– Գիտեք, որ կուսակցությունն է առաջադրում ավագանու անդամ, և նախորդ անգամ էլ բոլոր տեղակալները եղել են ավագանու ցուցակում:
– Սակայն քաղաքապետի տեղակալներն ավագանու անդամ այդպես էլ չեն դարձել:
– Դե իհարկե չեն դարձել. ով նշանակվել է տեղակալ, մնացել է տեղակալ, ով նշանակվել է ավագանու անդամ, գնացել է ավագանի: Էնպես չի, որ Երևանի քաղաքապետարանն ու ավագանին տարբեր մարմիններ են: Դա մեկ միասնական մարմին է:
– Սակայն ավագանին պետք է հակակշռի քաղաքապետարանի վարչական ղեկավարությանը:
– Չեն հակակշռում, ավագանին վերահսկում է Երևան համայնքի բյուջեն և իր որոշումների կատարումը:
– Սա նշանակո՞ւմ է, որ կրկին վարչական ռեսուրսն օգտագործելու նպատակով են փոխքաղաքապետերին ներգրավել ցուցակում, որպեսզի ձայներ բերեն կուսակցության համար:
– Ոչ, դա չի նշանակում: Կուսակցությունն առաջադրել է, թե ո՞վ կգնա ավագանու անդամ, կուսակցությունը կորոշի: Եվ չի նշանակում, որ վարչական լծակներ են օգտագործվելու, որովհետև աշխատանքի ժամին մենք աշխատում ենք, աշխատանքից հետո, կարծում եմ, ամեն մարդ իրավունք ունի զբաղվի նրանով, ինչով պիտի զբաղվի կամ ուզում է զբաղվել:
– Ամեն դեպքում Ձեզ վրա դրվելու է կուսակցության համար ձայն ապահովելու գործընթացը: Պիտի կոնկրետ թի՞վ ապահովեք:
– Կոնկրետ թիվ ոչ մեկը ոչ մեկի վրա չի դնում: Մենք էնքան աշխատանք ու ամագ ունենք..., ես թաղապետ եմ եղել Մալաթիայում: Այսինքն՝ խնդիր չունեմ ես: Ես կուսակցության անդամ եմ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ՀՀԿ կազմակերպության ղեկավար: Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեմ, իհարկե պիտի ապահովեմ: Աշխատանքից հետո պիտի զբաղվեմ դրանով:
– Կարծում եք, եթե «ամագ» ունեք, դրա համար Մալաթիայի ժողովուրդը պիտի ՀՀԿ–ին ընտրի՞:
– Ինչպես ԱԺ ընտրություններին, այնպես էլ ավագանու ընտրություններին, վստահ եմ, որ՝ այո:
– Իսկ եթե Մալաթիայում չընտրվի ՀՀԿին, Ձեզ ի՞նչ է սպասվում:
– Կներեք, զբաղված եմ, էլ չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: