ՀՀԿ-ՀՅԴ․ «Բազարի» և բանակցության արանքում
AnalysisՀայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՅԴ-ի հետ քննարկում է ապագա համագործակցության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:
«Քանի որ այդ քննարկումները շարունակվում են և դեռ չեն ավարտվել, կոռեկտ չէր լինի, որ մենք քննարկեինք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը»,- նշեց Շարմազանովը։
Այն որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկելու էին համագործակցության հարցը, գաղտնիք չէր դեռ ընտրություններից առաջ, սակայն հետաքրքիր է՝ եթե ոչ պորտֆելների ու մյուս պաշտոնների, ապա ինչի շուրջ կարող են բանակցել կամ ինչ կարող են քննարկել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Արդյո՞ք որևէ մեկի համար Հայաստանում գաղտնիք է, որ այս երկու կուսակցությունների բանակցությունները, որպես կանոն, ավարտվում են պաշտոնների և պորտֆելների բավական պարզ առևտրային համաձայնությամբ։
Ի դեպ, ոչ էլ առանձնապես քննադատելի բան կա այդտեղ, քանի որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունե,ության սկզբունքները և նույնիսկ ՀՀԿ-ի հետ կարելի է համագործակցել։ Սակայն, այդուհանդերձ, թերևս հարկ չկա պորտֆելների սովորական ու շատ էլ նորմալ «բազարը» քողարկել բանակցություններ, քննարկումներ դիվանագիտական շփումներ և նմանատիպ վերամբարձ արտահայտությունների տակ։
Միքայել Գալստյան