Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգը է ունեցել Վարշավայում
CultureՎարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նա խարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:
Համերգից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկան:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն է լինել հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ով կրկնակի հպարտությամբ է հետևում, թե ինչպես են հայ երաժիշտները իրենց կատարումներով հիացնում լեհ հանդիսատեսին:
Իր հերթին, Էլիժբետա Պենդերեցկան իր երախտագիտության խոսքը հղեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնք իրենց մշտական հոգածությամբ հանդիսանում են փառատոնի բարեկամները և մեծ աջակցություն են ցուցաբերել այդ համերգի կայացման գործին:
Համերգի ծրագրում ընդգրկված էին Ղազարոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները: Մենակատարներն էին՝ ջութակահար Յարոսլավ Նադժիցկին և աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: