Նալբանդյանի «բդեշխը»
AnalysisԱրմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը խիստ «ծանր է տանում» համայնքի բյուջեի մասին հարցերը և չի պատասխանում դրանց։ «Ազատությանը» տված հարցազրույցում սույն գյուղապետը բյուջեի մասին հարցերը համեմատել է իր սեփական գրպանի պարունակության մասին հարցի հետ։
Չէ, անկեղծ, գյուղապետի և ընդհանրապես որևէ մեկի փողերը հաշվելը վատ սովորություն է, սակայն թե ինչու են հանկարծ համայնքային բյուջեն ու գյուղապետի գրպանը նույնացել, շատ դժվար է հասկանալ։
Չնայած` մյուս կողմից կարելի է նաև հասկանալ, երբ նկատի ունենանք, որ գյուղապետերն ու մանր տեղական պաշտոնյաններն իրենց զգում են որպես բդեշխներ։ Հենց այս բդեշխային մտածողությամբ էլ Նալբանդյանի գյուղապետը հրաժարվում է պատասխանել բյուջեի մասին հարցերին։ Թերևս Գրիգոր Մկրտչյանն իր այս մտածողությամբ միակը չէ, քանի որ նման բդեշխիկների մենք կարող ենք հանդիպել ցանկացած մարզում և գյուղում։ Գումարած սրան, չգիտես ինչու, այս բդեշխիկները տառապում են լրագրողների հանդեպ ունեցած սրացված գաղտնապահությամբ՝ անշուշտ համայնքային հարցերի շուրջ։
Այստեղ, սակայն, մի հարց նույնպես ծագում է՝ Նալբանդյանի գյուղապետը սեփական մոտիվացիաներո՞վ, թե՞ վարչապետի ասած պոլիտբյուրոյին հատուկ մտածողության հետևանքով չի պատասխանում համայնքային բյուջեին և, ընդհանրապես, համայնքին վերաբերող հարցերին։ Այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, քանի որ Կարեն Կարապետյանը այդպես էլ չի կարողանում պարզել, թե որտեղից է առաջանում պոլիտբյուրոյին հատուկ մտածելակերպը: Գուցե այս հարցում նրան Նալբանդյանի գյուղապե՞տը կարող է օգնել։
Տիգրան Դավթյան