Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հետաքրքրում էր, թե հատկապես ո՞ր համայնքներին է արտոնություններ տրվելու, և հարցն ուղղելով հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին ասաց. «Այստեղ Կառավարությանը վստահել-չվստահելու խնդիրը չէ: Ուրախ ենք, որ Կառավարությունը ընդառաջում է, բայց մի սկզբունքային հարց՝ չիմանա՞նք՝ ում ենք տալիս: Սահմանադրությամբ պետության բյուջեն հաստատում է խորհրդարանը, նա էլ պիտի որոշի ցանկացած օրենք, որը կապված է բյուջեի ավելացման կամ պակասեցման հետ»,-ասաց Բագրատյանն ու հավելեց, որ եթե նորմալ օրենք լիներ, ապա խորհրդարանը կիմանար, որ շահութահարկի ու եկամտահարկի մեծ մասը պետք է մնա տեղերում, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է: Վարդան Այվազյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ համայնքների ցանկը կազմվելու է Կառավարության կողմից և հիշողությունը պրպտելով ասաց. «1995-ին, ձեր վարչապետության օրոք, ընդունեցիք մի օրենք, որը հնարավորություն էր տալիս Կառավարությանը որոշում ընդունել, որով սահմանվեցին ողջ հարկերն ու տուրքերը. Թե՞ էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Որպես Չարենցավանի քաղաքապետ Այվազյան Վարդանը, երբ եկամտահարկի մասին երեք անգամ առաջարկություն արեց, որ եկամտահարկը դառնա տեղական բյուջեի մուտքի մաս, ձեր գլխավորությամբ մի քանիսդ բացարձակապես չթույլատրեցիք»: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի հիշեցման՝ Հրանտ Բագրատյանը ևս հիշեց այդ տարիներն ու ասաց. «Մեր ժամանակ տենց ա եղել, լավ ա եղել, պետք էր՝ արել ենք: Պատերազմի տարիներին 7% աճ ենք ստացել, ստացեք էդ աճը, ձեր պատասխանը, ռեակցիան ճիշտ չէ՝ թե սենց ենք արել, պետք էր՝ արել ենք»,-ասաց Բագրատյանն ու ավելացրեց, որ իր պարզ հարցի պատասխանը չիմացավ: