Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը վառ տպավորություններով է վերադարձել Լոռվա մարզից
CultureՎաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը 2017 թվականի ապրիլի 5-7-ը "Մշակութային կանգառ" ծրագրի շրջանակում համերգներով հանդես եկավ Լոռու մարզում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին համերգը տեղի ունեցավ Դսեղ գյուղի մշակույթի տանը: Այն նվիրված էր հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որի 150-ամյա հոբելյանը կնշվի 2019 թվականին: Քառյակի անդամներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Մեծն լոռեցու հիշատակին, մի անգամ ևս հաղորդակից եղան նրա հոգևոր աշխարհին:
Երկրորդ համերգն Ալավերդի քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում էր: Այն նվիրվեց քառյակի հիմնադիր, թավջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Ասլամազյանի ծննդյան 120-ամյակին:
Համերգից հետո դպրոցի տնօրեն Հռիփսիմե Շահինյանը Ալավերդու համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանի անունից հայ և համաշխարհային երաժշտության արժեքները աշխարհին և հայ ժողովրդի ամենալայն զանգվածներին մատուցելու, ինչպես նաև "Մշակութային կանգառ" ծրագրի շրջանակում ալավերդցիներին բարձր արվեստին հաղորդակից դարձնելու համար քառյակին պարգևատրեց համայնքապետի շնորհակալագրով:
Ալավերդու ճանապարհին տեղի ունեցավ կանգառ Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցու մոտ, որտեղ հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բադալյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, ծանոթացրեց նորոգման-աշխատանքներին: Նույն քառյակն այցելեց Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվ. N 1 երաժշտական դպրոց: Վանաձորում խորին երախտագիտությամբ և հարգանքով են հիշում Էդուարդ Կզարթմյանին: Դպրոցը 1977 թվականից կրում է նրա անունը: Այն բարձրաճաշակ մշակութային օջախ է Վանաձորում:
Լոռվա համերգային շրջագայությունն ավարտվեց ապրիլի 7-ին Սպիտակի երաժշտական դպրոցում:
Մինչ համերգը քառյակի անդամները քաղաքի կենտրոնում կանգնեցված հուշարձանների մոտ ծաղիկներ դրեցին`խոնարհվելով 1988 թվականի ահեղ երկրաշարժի անմեղ զոհերի և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակին:
Սպիտակի համերգից առաջ քառյակի լրատվության պատասխանատու Կարեն Քոչարյանը շնորհավորեց դահլիճում ներկա գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ներկաներին քառյակի կողմից ծաղիկներ մատուցվեցին: Իսկ համերգը նվիրվեց Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին:
Համերգից հետո քառյակին հրավիրեցին երաժշտական դպրոցի հարևանությամբ գտնվող Սպիտակի գեղարվեստի դպրոց, որը հիմնվել է 1979 թվականին: Դպրոցի երիտասարդ տնօրեն Արփինե Հովսեփյանը ոգևորված պատմեց կրթամշակութային օջախի մասին, ներկայացրեց երեխաների աշխատանքները:
Կրթօջախի պատմության մեջ իր անուրանալի վաստակն ունի անվանի նկարիչ, դոցենտ Արտաշես Հունանյանը (ծննդով Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղից), որի անունով էլ ցանկանում են կոչել դպրոցը:
Կոմիտասի անվան ազգային քառյակը ջերմ տպավորություններով վերադարձավ Լոռու մարզից:
Քառյակի անդամները շնորհակալություն են հայտնում երաժշտական բոլոր հաստատությունների, դպրոցների ղեկավարներին և կոլեկտիվներին, վարչական աշխատողներին` աջակցության համար:
Հունիսի 23-ին քառյակը հանդես կգա Արմավիրի արվեստի դպրոցում և Նալբանդյան գյուղի մշակույթի տանը: