Աղետներից գյուղատնտեսությունը պաշտպանելու հայեցակարգի մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի. Կարեն Կարապետյան
EconomicsԿառավարությունը հավանություն տվեց Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին, որի հիմնական նպատակը բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմացկունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը:
Փաստաթղթով ներկայացվում են բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ուղղությունները, դրանց իրականացման մոտեցումները, հայեցակարգի իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց հայեցակարգով նախատեսվող քայլերը և նշեց. «Շատ լավ բան եք նախատեսել: Այս միջոցառումների մեջ ներառված է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպան միջոցների՝ ցանցերի հարցը, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ խելացի համակարգ է, և ոլորտում շատ բարելավելու բան ունենք: Ձեզնից ակնկալում ենք որակապես փոխել այդ համակարգը: Նրա մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի»: