Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնության մրցանակակիրները
SportԵրևանի պետական համալսարանի մարզասրահում ապրիլի 14-ին կայացան ապրիլի 10-ին մեկնարկած 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղերը:
Ինչպես հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, հաղթողի գավաթի համար մրցեցին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) աղջիկների թիմերը:
Թեժ պայքարից հետո 31-41 հաշվով հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը: ԵՊՀ-ի թիմը համապատասխանաբար 2-րդ տեղը զբաղեցրեց, 3-րդ հորիզոնականում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի թիմը:
Առաջնությանը մասնակցել են 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները նաև գավաթ: Պարգևատրումն իրականացրին ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, մարզական լրագրող՝ Ռուդիկ Բարսեղյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ ուսանողական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։
Մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բուհերում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: