Ըստ բույրերի՝ կարելի է սիրահարվել կամ հակառակը՝ վանել միմյանց. Հայտնի պարֆյումեր Ժաննա Գլադկովա
SocietyԱյսօր Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհահռչակ պարֆյումեր Ժաննա Գլադկովան, խոսելով պարֆյումի ճիշտ ընտրության, դրա օգտագործման եւ գաղտնիքների մասին ասաց. <Օծանելիքը պետք է օգտագործել այնպես, որ այն գերի, այլ ոչ թե հակառակը: Օծանելիքի սխալ օգտագործումը ես նմանեցնում եմ շուրթերին լղոզած շրթներկին>-ասաց նա՝ հավելելով. <Օծանելիքը պետք է ցանել այնպես, որ այն սկսի խաղալ, այլ ոչ թե խեղդի. այն պետք է ցանել դաստակներին, պարանոցի հատվածում եւ մի փոքր էլ՝ մազերի վրա, բայց ոչ երբեք ականջների հետնամասում, քանի որ այնտեղ ճարպային հանգույցները շատ են: Օծանելիքը միշտ պետք է չբավարարի, այնպես, ինչպես սեղանի մոտից պետք է վեր կենալ մի փոքր սոված: Վատ ճաշակի արտահայտություն է, երբ մարդը մտնում է սենյակ ու հեռվից գալիս է նրա օծանելիքի բույրը»: Անդրադառնալով նաեւ ֆերամոնների թեմային Ժ. Գլադկովան ասաց դրանք բույրեր են, որոնք հակառակ սեռի հետ կոնտակտ են ստեղծում. «Ըստ բույրերի՝ կարելի է սիրահարվել կամ հակառակը՝ վանել միմյանց: Ժամանակակից պարֆյումերիան 70 տոկոսից բաղկացած է մուսկուսից, որը կանացի սեռական գրգռիչ է, եւ ամբրայից՝ տղամարդու սեռական գրգռիչ: Դրանք՝ ինչպես կողպեքն ու բանալին: Այդպիսով դուք ձեր սեքսուալ ձգողականությունը դարձնում ենք հեռակարավարվող: Ըստ այդ, եթե դուք սխալ կամ ձեզ ոչ այնքան հաճելի օծանելիք եք օգտագործում, ապա դուք դեպի ձեզ ձգում եք սխալ մարդու: Պետք է գայթակղել հակառակ սեռին, որպեսզի թելը չկտրվի ձեր ձգողականության: Սա է ժամանակակից պարֆյումերիան: Այդ դեպքում դուք կլինեք անպարտելի գեղեցիկ, հմայիչ»: Հարցին՝ ինչպե՞ս հասկանալ, որ տվյալ բույրը հենց քոնն է, Գլադկովան պատասխանեց՝ չկան գեղեցիկ կամ տգեղ բույրեր. «Կան բույրեր, որոնք արդեն գտել են իրենց հասցեատիրոջը, իսկ մյուսները՝ դեռ փնտրտուքի մեջ են: Բույրը պետք է լինի ձեր մի մասնիկը: Օրինակ՝ երբ հագուստ եք ընտրում, դուք գիտեք ձեր չափսերը, գույնը, ձեւը, նույնն էլ օծանելիքն է: Յուրաքանչյուր օծանելիքի մեջ ապրում է կնոջ կամ տղամարդու մի կերպար, եւ երբ դուք որեւէ օծանելիք եք փորձում ու եթե այն հենց ձերն է, ապա ձեր մաշկն արձագանքում է հիացմունքով: Եթե օծանելիքը ձերն է, ապա ազդակները հետեւյալն են՝ հաջորդ օրը նրա բույրը այլեւս ընդգծված չեք զգում, քանի որ այն ձեր մի մասնիկն է դարձել, ինչպես նաեւ՝ եթե այն սկսում է բոլորին դուր գալ: Մի դեպք եղավ, երբ մի կին ինձ ասաց, թե իր օծանելիքի պատճառով ամուսինն ուզում է բաժանվել իրենից, ես ասացի՝ բեր, ես կտեսնեմ, թե ինչու են ուզում քեզ վռնդել: Եվ, իսկապես, երբ այդ կինը բերեց իր օծանելիքը, ես նույնպես ասացի՝ ես էլ քեզ տնից կվռնդեի: Դա նույնն է, թե հագնվես անճաշակ»: Տեղեկացնենք, որ Ժաննա Գլադկովան անհատական բույրեր է ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ նրա նախկին կնոջ պատվերով, ինչպես նաեւ՝ Չեչնիայի նախագահ Ռուսլան Կադիրովի կանացից մեկի պատվերով: