Հակոբ Շահգալդյանը իր մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասին
SocietyԵրեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ գոյություն ունի ՍԱՍ –ի Արտակի հայտնի ձայնագրությանը ոչնչով չզիջող եւս մեկ ձայնագրություն, որը կապված է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի լծակներով ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելուն: Թեմայի շուրջ Orer.am-ը կապ հաստատեց քաղաքապետի հետ.
-Պարոն Շահգալդյան, շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն կապված Ձեր միջոցով ՀՀԿ-ին ձայներ ապահովելուն, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ծանոթ եմ լուրին, այդ ձայնագրությունը լսելիս պարզ կդառնա, որ դա հինգ տարվա վաղեմություն ունի: Ձայնագրության մեջ ասում եմ, որ 37 տարեկան տղա եմ, իսկ հիմա ես 43 եմ: Հետո ընտրություններին ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանն է այցելել, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ընտրությունն էլ գիտեք, որ ամսի 7-ին չի կայացել: Ես չգիտեմ ինչու են հիմա դրել շրջանառության մեջ, դա անողներից պետք է հարցնեք: Մարդիկ պետք է հասկանան, որ այդ ուղղին, որն իրենք էլ բռնել՝ վարկաբեկելու, դա ճիշտ չէ:
-Դուք երբեւէ չե՞ք օգտագործել վարչական ռեսուրսը՝ ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար: -Իմաստ չկա: Եթե դուք տեսնեք, թե մեր քաղաքում ինչ ընտրություններ են եղել ու Ելքը, կամ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, կտեսնեք, որ այդտեղ վարչական լծակ կիրառելու հարց չկա: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է անցել:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք ձայներ ապահովել կուսակցության համար:
- Նորից կկրկնեմ, որ վարչական լծակ չի կիրառվել: ԵՍ ՀՀԿ-ի համար աշխատել եմ, քանի որ այդ կուսակցության Չարենցավան քաղաքի տարածքայինի պատասխանատուն եմ եղել:
-Ասացիք, որ այլ դաշինքներ եւս քիչ ձայն չեն հավաքել ընտրություններին, այս դեպքում ՀՀԿ-ի կողմից նկատողություն չե՞ք ստացել համապատասխան ձայների քանակը չապահովելու համար:
-Ինձ որեւէ մեկը թիվ չի ասել, որ ապահովեմ կամ չապահովեմ: Մենք Չարենցավանում հաղթել ենք: Իմ առաջ նման խնդիր չի դրվել:
-Ուզում եք ասել, որ կուսակցությունը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Ես որեւէ մեկին չեմ էլ հարցրել ու որեւէ մեկը չի ասել գոհ ենք կամ դժգոհ: Ես իմ աշխատանքը կատարել եմ քարոզչությամբ եմ զբացվել հետո ընտրություն է եղել: Ով պետք է գոհ կամ դժգոհ լինի իրանցից հարցրեք:
-Այդ ինչպես է ստացվում, որ լինելով թիմի անդամ Ձեզ հետ չեն հանդիպել, հաշվի չեն առել բնակչության թիվը, ռեսուրսներն ու հնարավորությունները: Ինչպե՞ս կարող են Ձեզ նշանակել տեղի շտաբի պետ չունենալով հստակ ակնկալիքներ:
-Մեր մարզային խորհրդում քննարկվել է այդ հարցը, ես էլ նշանակվել եմ Չարենցավան քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ: Ես իմ աշխատանքն եմ կատարել, իսկ արդյուննքների մասին դեռ ոչինչ չեն ասել՝ լավ ա, վատ ա…
-Այսինքն Հանրապետականները ընտրություններից հետո Ձեզ հետ կապի դուրս չե՞ն գալիս:
-Կապի դուրս եկել են, բայց կոնկրետ կապված տարված աշխատանքի մասին դժգոհություն կամ գոհունակություն չեն հայտնել:
-Պարոն Շահգալդյան, լուրեր են տարածվել նաեւ, որ Ձեր քաղաքում նախընտրական փուլում թաղային հեղինակություները բավական լուրջ ազդցեւոյթուն են ունեցել տեղի բնակիչների վրա, բանը հասել է ընդհուպ մինչեւ անձնագրերի տվյալներ հավաքելը:
- (ծիծաղում է-հեղ.) Չարենցավանում թաղային հեղինակություններ չկան: Այստեղ նորմալ ժողովուրդ է, սա էն տեղը չի, որ թաղային հեղինակություններ լինեն:
-Ակնարկում եք, որ տեղի միակ հեղինակությունը դո՞ւք եք ում հորդորով գնում ու ՀՀԿ են ընտրում:
-Ես չեմ ասում ես եմ: Ես ընդամենը քաղաքապետ եմ ինչ հեղինակության մասին է խոսքը գնում: