Բրիտանացիները «խելացի» վիրակապ են ստեղծել
SocietyՄեծ Բրիտանիայում առաջիկայում վիրակապ կփորձարկեն, որը կկարողանա հասկանալ, թե ինչպես է ապաքինվում վերքը, եւ այդ մասին ազդակներ կուղարկի հենց բժշկին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ վիրակապի նյութերում 5G գերարագ տեխնոլոգիա է օգտագործվում՝ գնահատելու համար, թե հիվանդին ինչպիսի բուժում է անհրաժեշտ եւ ինչպիսին է նրա ակտիվության մակարդակը:
Մշակումը Սուոնսի համալսարանի Կենսաբանական գիտությունների ինստիտուտինն է (ILS): «Նանոտեխնոլոգիաների օգտագործմամբ այս «խելացի» վիրակապերը կորոշեն վերքերի ապաքինման ընթացքը: Դրանք վերքերը կմիացնեն 5G ենթակառուցվածքին, որը հեռախոսի միջոցով ձեր մասին տեղեկություն կփոխանցի, թե որտեղ եք գտնվում, որքանով շարժուն եք», պարզաբանել է պրոֆեսոր Մարկ Կլեմենտը:
Ստանալով այս տվյալները՝ բուժող բժիշկը կկարողանա բուժումը շտկել յուրաքանչյուր հիվանդի վիճակից ելնելով:
Այս մշակումը հարավային Ուելսում թվային նորարարությունների զարգացման հատուկ ծրագրի մաս է կազմում, որի համար կառավարությունը 1.3 մլրդ ֆունտ է հատկացրել: